Աստղային կյանք

Արդեն մեկ տարուց ավել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի երկրպագուները հետևում են նրա առողջության մասին լուրերին։ Ժաննան պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ  և, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ։ Սակայն բժիշկները չեն բացառում, որ հետագայում կարող են բարդություններ ծագել, հաղորդում է Vesti.ru–ն։

Ինչպես հայտնում է Super պորտալը, բոլորովին վերջերս երգչուհին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա է անցել։ Հետազոտության արդյունքները կրիտիկական փոփոխություններ չեն ցույց տվել։ Այնուամենայնիվ, բժիշկները կարծում են, որ ճառագայթային թերապիան կարող է հետևանքներ ունենալ։ Նրանք մտահոգություններ ունեն գլխուղեղի հետճառագայթային փոփոխությունների վերաբերյալ, որոնք վատագույն դեպքում ավարտվում են մահով։ 

Վերջին տարում Ֆրիսկեն մահացու հիվանդության դեմ պայքարում անհավանական արդյունքներ է ցույց տվել։ ԱՄՆ–ում և Չինաստանում բուժումից, ինչպես նաև երկարատև վերականգնումից հետո երգչուհին վերադառնում է նորմալ կյանքի։ Նա ապրում է Պոդմոսկովիեում` ընտանիքի հետ։

Ավելի վաղ այս ամիս ԶԼՄ–ներում հաղորդումներ են ստացվել, որ Ֆրիսկեն և նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելևը, վերջապես, պաշտոնապես կամուսնանան։ Հաղորդվում էր, թե Շեպելևն արդեն ամուսնական մատանիներ է ձեռք բերել` պատրաստվելով հանդիսավոր արարողությանը, նվիրված Ֆրիսկեի հետ ընդհանուր որդու` Պլատոնի ծննդյան օրվան։ Բայց երգչուհու քույրը հերքել է հարսանիքի մասին լուրը, նշելով, որ Ժաննան նախ պետք է բուժվի։ -0-