Աստղային կյանք

Կելսո Սանտեբանսը 20 տարեկան է։ Մասնագիտությամբ մոդել է։ Տեսնելով նրան պոդիումի վրա կամ ամսագրերի շապիկներին` մարդիկ միանգամից նկատում են, որ նա ինչ–որ մեկին նման է։ Նրանք, ովքեր դեռահաս աղջիկներ ունեն, ակնթարթորեն նկատում են Բարբիի ընկերոջ` Քենի հետ նմանությունը։ Կելսոն ավելի քան 50 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների համար, որպեսզի նմանվի այդ տիկնիկին։ Այդ մասին գրում է «Комсомольская правда»-ն։

Սեպտեմբերին կիրականանա Սանտեբանսի նվիրական երազանքը. նա մեկնում է Լոս Անջելես` ներկա լինելու` արդեն իր սեփական տիկնիկի շնորհանդեսին։ Կելսոն չի թաքցնում, որ սիրում է իրեն նայել հայելու մեջ և դեռ մտադիր է նորից դիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը։ Մարդկանց, ովքեր նույնպես պաշտում են այն ամենը, ինչ կապված է Բարբիի և նրա ընկերների հետ, նա ասում է, որ անպայման կհանդիպի Օդեսայի «Բարբիին»։

Սանստեբանսը մանկուց է տիկնիկներ հավաքում։ Քենին «վերածվել» նա սկսել է 16 տարեկանում, երբ հաղթել է մոդելների իր առաջին մրցույթում։ Կելսոն քթի, ծնոտի և կզակի չորս վիրահատություն է տարել։ Բարբիի ընկերոջը նմանվելու համար նաև իմպլանտներ է տեղադրել կրծքավանդակում։

Կելսոն նույնիսկ փոխել է ազգանունը` Բորգես Պերեյրայից վերածվելով, իր կարծիքով, ավելի ռոմանտիկ և բարեհունչ Սանտեբանսի։ Այդպես են կոչում, բացատրում է Mail  on  Sunday–ն, մեքսիկական նրա սիրած հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկին։

Իսկական փառքը Կելսո Սանտեբանսն ունեցավ նախորդ տարի, երբ նրան նկատեցին Սան Պաուլուի թոք–շոուում։ Այժմ նա իսկական աստղ է, 15 հազար դոլար է պահանջում կարևոր միջոցառումներին ներկա լինելու համար և բանակցություններ է վարում ռեալիթի–շոուների պրոդյուսերների հետ իր մասնակցության վերաբերյալ։