Աստղային կյանք

Հանգուցյալ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստեր` Բոբի Քրիստինա Բրաունի քաղաքացիական ամուսինն առնչություն ունի աղջկա մահվանը, գրում է Vesti.ru–ն։

Բոբի Քրիստինայի մահվան հանգամանքները պարուրված են գաղտնիության շղարշով։ Ենթադրվում է, որ աղջկա մահվան մեջ կարող է մեղավոր լինել նրա քաղաքացիական ամուսին Նիք Գորդոնը։ Հետաքննություն իրականացնող ներկայացուցիչները մանրամասն տեղեկություններ չեն հայտնում այդ մասին։ Սակայն ԶԼՄ–ներում հայտնվել են Բոբիին հիվանդանոց տեղափոխելուց մի քանի ժամ անց արված Գորդոնի լուսանկարները։

«Լուսանկարներում պատկերված է, թե ինչպես է Գորդոնը նույն բուժհաստատությունից դուրս բերում հաշմանդամի սայլակով մի սպիտակամորթ աղջկա։ Այդ աղջիկը 18–ամյա Դանիելա Բրեդլին է, ով ընկերություն էր անում Բոբի Քրիստինայի և Նիք Գորդոնի հետ և հաճախ էր նրանց տանը գիշերում։ Նա ներկա է եղել այնտեղ նաև հունվարի 31–ին, երբ Բոբի Քրիստինային գտել են լոգարանում։ Նրա ընկերը` 24–ամյա Մաքս Լոմասը, և ինքը` Գորդոնը նույնպես այնտեղ էին»,– գրում է Daily Mail–ը։ 

Բոբի Քրիստինայի ներկայացուցիչները հայց են ներկայացրել Գորդոնի դեմ։ Նրանք մեղադրել են երիտասարդ մարդուն, որ վերջինս թմրանյութ է ներարկել աղջկան մինչև անգիտակից վիճակ և պառկեցրել ջրով լցված վաննայում։ Հայցում ասվում է, որ այդ պահին տանտիրուհու ննջարանում ուրիշ աղջիկ էր պառկած։ Նա սպասում էր Գորդոնին, ով չարագործությունը կատարելուց հետո զգեստափոխվել է և բարձրացել նրա մոտ։ Հայցորդների կարծիքով` Գորդոնը ցանկացել է խեղդել Բոբի Քրիստինային։

Բոբի Քրիստինա Բրաունը մահացել է հուլիսի 26-ին։ Այս տարվա հունվարին աղջկան անգիտակից վիճակում գտել էին լոգարանում, ինչից հետո նա երկար ժամանակ գտնվել է կոմայի մեջ, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Բոբի Քրիստինան գլխուղեղի լուրջ վնասվածքներ է ստացել։ -0-