Աստղային կյանք

Ուիթնի Հյուսթոնի դստեր` Բոբի Քրիստինա Բրաունի ընտանիքը հերքել է վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե աղջկան միացված  կենսապահովման համակարգը պատրաստվում են անջատել, հաղորդում է Hellomagazine.com–ը։

Բացի այդ, նախօրեին Ջորջիա նահանգում Բոբի Քրիստինային նվիրված աղոթքի կարգ է մատուցվել, որի նպատակն է կոչ անել մարդկանց շարունակել աղոթել աղջկա առողջության համար։ Այս իրադարձությունը մեկնաբանել է ընտանիքի փաստաբան Քրիստոֆեր Բրաունը. «Մենք աղոթում ենք Բոբի Քրիստինայի համար։ Բրաունների ընտանիքը ցնցված է, թե որքան սեր և կարեկցանք են դրսևորում մարդիկ։ Մինչ այդ տպագիր մամուլում և համացանցում տարածված հայտարարություններն այն մասին, թե որոշվել է Բոբի Քրիստինային անջատել կենսապահովման սարքից, սուտ են և առաջիկայում կուսումնասիրվեն համապատասխան ատյաններում։ Մասնավորապես, հատուկ ուշադրություն կդարձվի TMZ–ի, The National Enquirer–ի, The Atlanta Journal Constitution–ի և The Daily Mail–ի տեղեկություններին, որոնք հղում են անում ոստիկանության աղբյուրներին։ Բազմաթիվ լրագրողների` առաջինը լինելու ցանկությունը հանգեցրեց նրան, որ նրանք ուշադրություն չդարձրին իրենց հայտարարությունների իսկությանը։ Նման գործողությունները քրեական հանցագործություններ են»։

«Մենք շարունակում ենք խնդրել, որ այս հարցում գաղտնիություն պահպանվի», – ավելացրել է Բոբի Բրաունը։ «Շնորհակալ ենք բոլորին, ովքեր աղոթել են Բոբի Քրիստինայի համար։ Աստված լսում է մեր աղոթքները»։ 

Բոբի Քրիստինա Բրաունը հոսպիտալացվել է փետրվարի 1–ին, երբ ամուսինը` Նիկ Գորդոնը, նրան անգիտակից վիճակում հայտնաբերել է լոգարանում։ -0-