Աստղային կյանք

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Երգչուհի Բեյոնսեն գլխավորել է Forbes ամսագրի հայտնի մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը, փոփ-երգչուհին հայտնվել է աղյուսակի առաջին հորիզոնականում 95 շոուներից բաղկացած իր մեծամասշտաբ հյուրախաղերից հետո, հաղորդվում է հրատարակության կայքում: Ամեն համերգի համար նա ստացել է միջինը 2,4 մլն դոլար: Այս մասին գրում է  Lenta.ru-ն:

Forbes –ի գնահատականով` 2013  թ.-ի հունիսի 1-ից մինչև 2014 թ.-ի հունիսի 1-ը Բեյոնսեն ընդհանուր առմամբ վաստակել է 115 մլն դոլար` մեծ մասամբ H&M և Pepsi ընկերությունների հետ համագործակցության, ինչպես նաև օծանելիքի սեփական շարքի թողարկման շնորհիվ: 

Երգչուհու ամուսինը` ռեփեր Jay Z-ին, վարկանիշում զբաղեցրել է 6-րդ տեղը` տարվա ընթացքում վաստակելով 60 մլն դոլար: Jay Z-ից առաջ է անցել մեկ այլ հայտնի ռեփեր Dr. Dre-ն, ով 620 մլն դոլար եկամտով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցրել են հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, ով նախորդ տարի գլխավորել է աղյուսակը, և էլլեն Դեջեներեսը: Տասնյակը եզրափակում են երգչուհիներ Ռիհաննան և Քեթի Փերին, ինչպես նաև դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը:

Աղյուսակը կազմելիս Forbes-ը հաշվի է առել ոչ միայն աստղերի վաստակած գումարը հաշվետու ժամանակահատվածում, այլև ԶԼՄ-ներում և սոցցանցերում նրանց մասին հրապարակված հիշատակությունների, փորձագետների և բնակչության դրական արտահայտությունների քանակը: Այսպես, երգիչ Ջասթին Բիբերը, ով բարձր տեղ է զբաղեցրել սոցցանցերի վարկանիշում, հիմնական ցուցակում զբաղեցրել է միայն 33-րդ տեղը ԶԼՄ-ներում տեղ գտած որոշ բացասական հրապարակումների պատճառով:

Forbes-ի առաջին տասնյակի միայն երկու աստղերը մեդիադեմքեր չեն: Երկրորդ տեղում է բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, յոթերորդ տեղում է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզեր կրտսերը: -0-