Աստղային կյանք

Հայտնի բրիտանացի դերասան, «Շերլոկ» հայտնի սերիալում խուզարկուի կերպարը մարմնավորած Բենեդիկտ Քամբերբեթչը նախորդ շաբաթ, Սուրբ Վալենտինի օրը ամուսնացել է իր հարսնացուի` ռեժիսոր Սոֆի Հանթերի հետ, կիրակի հաստատել է Քամբերբեթչի ներկայացուցիչը, գրում է ՌԻԱ Նովոստին։ 

«Երեկ Բենեդիկտն ու Սոֆին ամուսնացել են։ Արարողությանը ներկա են եղել մտերիմներն ու հարազատները։ Անհավանական օր էր», – ասված է դերասանի ներկայացուցիչ Քարոն Մասքիլի հայտարարության մեջ։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Ուայթ կղզում, ինչպես նախօրեին հայտնել էին բրիտանական ԶԼՄ–ները։

Ըստ բրիտանական ԶԼՄ–ների` հյուրերի թվում է եղել նաև «Իմիտացիոն խաղեր» ֆիլմում Քամբերբեթչի գործընկերուհի Քիրա Նայթլին, իսկ, Sun–ի տվյալներով, պսակադրության խաչեղբայրն է եղել Մարթին Ֆրիմենը, ով «Շերլոկ» սերիալում մարմնավորել է դոկտոր Վաթսոնի կերպարը։ 

Նորապսակները դեռ չեն կարող երկարատև մեղրամիս վայելել։ Փետրվարի 22–ին Քամբերբեթչը պետք է ներկա լինի Լոս Անջելեսում «Օսկարի» մրցանակաբաշխությանը։ Նա «Օսկարի» է առաջադրվել անգլիացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի կերպարը մարմնավորելու համար, որի աշխատանքն օգնել է Երկրորդ Համաշխարհայինի ժամանակ կոտրել Գերմանիայի ԶՈւ–ի տեղեկատվությունների ծածկագրերը։

Քամբերբեթչի ծնողները որդու նշանադրության մասին տեղեկացրել էին նոյեմբերին Անգլիայում ավանդական դարձած ճանապարհով` հայտարարություն տեղադրելով «Times» թերթում։ 

38–ամյա Քամբերբեթչը, ով խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող սերիալից հետո դարձավ ոչ միայն պահանջված դերասան բավականին, այլ նաև` համաշխարհային սեքս խորհրդանիշ, գաղտնի է պահում իր անձնական կյանքը։ 

Թատերական ռեժիսոր և Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ 36–ամյա Սոֆի Հանթերի հետ ունեցած սիրավեպի մասին խոսակցությունները սկսեցին ավելի շատ շրջանառվել այն ժամանակ, երբ նրանք միասին ներկայացան Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությանը։ Պապարացիները ևս նրանց բազմիցս լուսանկարել էին կինոթատրոններից և ռեստորաններից դուրս գալիս։ 

Վերջերս հայտնի է դարձել, որ Քամբերբեթչն ու Հանթերը երեխայի են սպասում։

Դերասանի նշանադրության մասին նորությունը հարված դարձավ Քամբերբեթչի բազմաթիվ երկրպագուհիների համար, ովքեր Twitter–ում գրում են, թե որքան են հիասթափված։ Նրանք միացել են նախկինում հայտնի ամուրի Ջորջ Քլունիի երկրպագուհիների բանակին, ով մի քանի շաբաթ առաջ ամուսնացել է փաստաբան Ամալ Ալամուդինի հետ։ -0-