Ավրիլ Լավինը բավականին երկար ժամանակ չէր երևում հասարակության տեսադաշտում։ Երեկ երգչուհին հայտարարել է, որ արդեն կես տարի է` տառապում է Լայմի հիվանդությամբ, վարակվել է, երբ իրեն տիզ է կծել, հաղորդում է Cosmo.ru–ն։

Լավինի կարծիքով` ամենայն հավանականությամբ տիզը կծել է նախորդ գարնանը, երբ հյուրախաղեր է ունեցել Ասիայում և Հարավային Ամերիկայում։

Նախորդ տարվա հոկտեմբերից երգչուհին դուրս չի գալիս Օնտարիոյում գտնվող իր տնից, որտեղ նրան խնամում է մայրը։ Երգչուհու ամուսինը` Չադ Կրյուգերը, նույնպես փորձում է հնարավորին չափ շատ ժամանակ անցկացնել կնոջ կողքին։

Լայմի հիվանդությունը Հյուսիսային կիսագնդում ամենատարածված հիվանդությունն է, որը փոխանցվում է տիզերի միջոցով։ Բակտերիաները մարդուն փոխանցվում են վարակված տիզի միջոցով։ Հիվանդության վաղ դրսևորումներն են բարձր ջերմությունը, գլխացավը, հոգնածությունն ու մաշկային ցանը։ Գենետիկ հակվածության դեպքում պաթոլոգիական գործընթացում ներգրավվում են հյուսվածքները, սիրտը, ինչպես նաև նյարդային համակարգը, աչքերը։ -0-