Աստղային կյանք

Ռեփեր Տիմատիի և Դիմա Բիլանի կոնֆլիկտը դարձել է համացանցում ամենաքննարկվողներից մեկը: Երկու հայտնի արտիստների միջև ծագած կոնֆլիկտի մասին իր կարծիքն է հայտնել նաև Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը: Այս մասին գրում է Super.ru-ն:

Black Star երաժշտական լեյբլի ղեկավարը կասկած է հայտնել Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած համերգի ժամանակ Յանա Ռուդկովսկայայի գործընկերոջ վատառողջության իրական պատճառների կապակցությամբ: Տիմատիի խոսքերով` Բիլանը իրեն վատ է զգացել ոչ թե մեջքի ցավի, այլ թմրանյութերի չարաշահման պատճառով: Ռեփերի հայտարարությանը պատասխանել են Դիմա Բիլանն ու Յանա Ռուդկովսկայան, ովքեր նշել են, որ մեղադրանքները սև PR են համարում և պատրաստ են հերքել զրպարտանքը բուժզննման միջոցով:

38-ամյա Ռամզան Կադիրովը, ով Տիմատիի մտերիմ ընկերն է, պաշտպանել է իր ընկերոջը սոցիալական ցանցի իր էջում տեղադրված հայտարարության մեջ:

«Տիմատին իմ ընկերն է: Ես նրան հարգում եմ ստեղագործական գործունեության, կյանքի նկատմամբ ունեցած դիրքորոշման, հայրենասիրության համար: Տիմատին առողջ կենսակերպ է վարում: Նա չի խմում, չի ծխում, զբաղվում է սպորտով պրոֆեսիոնալ մակարդակով: Տիմատին մեր երկրում օրինակ է ծառայում միլիոնավոր երիտասարդների համար: Դրա համար նրան պետք է շնորհակալություն ասել:

Ցավոք, մեր շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ չեն տարբերվում նման որակներով: Հանդիսատեսի համար մղվող մրցավազքում նրանք ձգտում են ընդօրինակել արևմտյան երաժիշտներին, որոնցից շատերը հրապարակային կերպով հպարտանում են, այսպես կոչված, ոչ ավանդական կողմնորոշմամբ, տարիներով բուժվում են նարկոկլինիկաներում և վերջում մահանում են գերդոզավորումից կամ ինֆեկցիայից:

Ցանկանում եմ ուրախացնել Տիմատիի բոլոր երկրպագուներին: Այսօր ես հրամանագիր եմ ստորագրել նրան Չեչնիայի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին: Շնորհավորում եմ, թանկագին ԸՆԿԵՐ»:

Հատկանշական է, որ աստղերի միջև ծագած կոնֆլիկտի մասին իրենց կարծիքն են հայտնել նրանց բազմաթիվ գործընկերները: Այսպես՝ Յանա Ռուդկովսկայայի ամուսինը՝ Եվգենի Պլյուշչենկոն, խնդրել է Տիմատիին հետևել սեփական արտահայտություններին և գործողություններին: Երգիչ Նիկոլայ Բասկովը ևս չի լռել և խոստովանել է, որ անձամբ ցնցված է Դիմա Բիլանի հասցեին հնչած` ռեփերի կտրուկ արտահայտություններից: «Ոսկե ձայնը» համոզված է, որ իր արարքով 31-ամյա ռեփերը բացասական լիցքերի և դատապարտության ալիք է հրահրել, որի հետևանքով նա շոու-բիզնեսում կարող է առանց ընկերների մնալ: -0-