Աստղային կյանք

Այս շաբաթ հայտնի մարդկանց անհաջողությունների շարք է հետապնդում։ Անջելինա Ջոլին ավտովթարի է ենթարկվել տուն վերադառնալիս։ Աղբյուրների խոսքերով` մեքենայի ղեկին նրա անձնական վարորդն է եղել, գրում է Spletnik.ru–ն։

Ավտովթարի պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են եղել, սայթաքուն ճանապարհի պատճառով վնասվել են մեքենայի անվադողերը, իսկ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և բախվել է ճանապարհի եզրին։

«Շատ սարսափելի էր։ Վնասվել էին երկու անվադողերը, և զարմանալի է, որ մեքենայի հետ ոչ մի լուրջ բան չի պատահել։ Ջոլին մտածել է, թե նրանք ուրիշ մեքենայի են բախվել», – նշել է աղբյուրը։

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջեսելում, երբ Ջոլին վերադառնում էր «Անկոտրումը» (Unbroken) իր նոր ֆիլմի ցուցադրությունից։ Ականատեսների խոսքերով` նա խուսափել է լուրջ վնասվածքներից։

Mirror–ը նշում է, որ դերասանուհու մեքենան ճանապարհի եզրին բախվելիս բավականին արագ է ընթացել, իսկ նման վթարների դեպքում քիչ չեն ողնաշարի` պարանոցի հատվածի վնասվածքները։

Միջադեպից մեկ օր առաջ վթարի է ենթարկվել նաև Դևիդ Բեքհեմը ավագ որդու` Բրուքլինի հետ։ Միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնում։ Բեքհեմները տուն էին վերադառնում «Արսենալ» ակումբի մարզչական ճամբարից, որի երիտասարդական թիմում է հանդես գալիս 15–ամյա Բրուքլինը։ Այդ պահին մեծ արագության վրա աստղային ընտանիքի մեքենային է հարվածել մեկ այլ մեքենա։ Ականատեսների խոսքերով` ՃՏՊ–ի ժամանակ վնասվել է Դևիդի ուսը։ -0-