Աստղեր

Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ցանկանում է Շեքսպիրի համանուն պիեսի էկրանավորված տարբերակում մարմնավորել Օթելլոյին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա կարծում է, որ թատրոնի բեմում հանդես գալը բարդ գործ է, այդ պատճառով կցանկանար սկսել հեռուստատեսությունից։

«Ես շատ եմ ուզում խաղալ Շեքսպիրիր պիեսներից մեկում…. Հստակ չգիտեմ` ինչ դեր կուզենայի, սակայն ինձ անչափ հետաքրքիր է Օթելլոյի դերը»,– բռնցքամարտիկի խոսքն է մեջբերում Mirror թերթը։

«Արդյո՞ք հրաշալի չէր լինի Շեքսպիրի պիեսի էկրանավորված տարբերակում հանդես գալը։ Այդ սև տղան… Կարո՞ղ եք ինձ պատկերացնել Օթելլոյի դերում»,– Լաս Վեգասում Soul Train Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ասել է նա լրագրողներին։

Թայսոնը խաղացել է ավելի քան 45 ֆիլմում, որոնցում նա հենց իր դերն է կատարել։ Բռնցքամարտիկը հանդես է եկել նաև «Տղամարդկանց հավաքույթ Վեգասում» ֆիլմի առաջին և երկրորդ մասերում։ Շուտով վարձույթում կհայտնվի ևս երկու ֆիլմ։

Թայսոնը բացարձակ չեմպիոն է եղել 1987-1990 թվականներին, այնուհետև նա մի քանի դատվածություն է ունեցել։ 1992 թվականին նրան ազատազրկել են բռնաբարության հոդվածով, և նա երեք տարի անցկացրել է բանտում։ 1997 թվականին Էվանդեր Հոլվիլդի հետ մենամարտում մրցակցի ականջը կծելուց հետո մեկ տարով զրկվել է բռնցքամարտիկի արտոնագրից և տուգանվել 3 միլիոն դոլարով։ 1998 թվականին բռնցքամարտիկին 3.5 ամսով ազատազրկել էին ծեծի համար, իսկ 2006 թվականին մեկօրյա բանտային պատիժ` թմրանյութեր օգտագործելու և թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու համար, 2009 թվականին էլ նրան ձերբակալել էին լրագրողին ծեծելու համար։-0-