Աստղեր

Հայտնի բլյուզ կիթառահար Բի Բի Քինգն է մահացել ԱՄՆ–ում 89 տարեկանում,  ուրբաթ հայտնում է Ասոշիեյթեդ Փրես գործակալությունը` հղում անելով երաժշտի իրավաբանին։

Ինչպես գործակալությանը հայտնեց երաժշտի իրավաբան Բրենթ Բրայսոնը, Քինգը մահացել է քնած ժամանակ իր տանը հինգշաբթի` տեղական ժամանակով ժամը 21.40–ին (Մոսկվայի ժամանակով` ուրբաթ 07.40)։

Այս տարվա ապրիլին 89–ամյա երաժիշտը հոսպիտալացվել էր Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկը` շաքարախտի սրման պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Վարկածներից մեկով` հոսպիտալացման պատճառը հիվանդության հետևանքով առաջացած օրգանիզմի ջրազրկումն էր։

Ինչպես հայտնի է դարձել, Բի Բի Քինգը տառապում էր շաքարախտով 20 տարի։ 2014 թվականին երաժիշտը ստիպված էր ավարտել համերգային գործունեությունն` առողջական խնդիրների պատճառով։ 

Բի Բի Քինգն ամերիկացի բյուզ կիթառահար է, երգիչ, երգերի հեղինակ, ում երկրպագուները բլյուզի արքա են անվանում։ 2011 թվականին Rolling Stone ամսագրի անցկացված հարցման արդյունքներով` Բի Բի Քինգը վեցերորդ տեղում է «Բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառահարներից մեկը» ցուցակում։ -0-