Աստղեր

Նախօրեին Երևանում տեղի ունեցավ ամերիկացի երգչուհի, առանց բարդույթների կին, երաժիշտ, կոմպոզիտոր, բլյուզ-ռոքի, ջազ-ֆյուժնի և սոուլի կատարող, դյութիչ ձայնի տեր Բեթ Հարթի համերգը: 

Բեթը համերգին տրվեց ոչ թե 100, այլ 200 տոկոսով, գուցե հենց այդ պատճառով հաջորդ օրը թռիչքից առաջ երգչուհին ոչ միայն լիովին ուժասպառ էր, այլ նաև լիովին  կորցրել էր իր յուրահատուկ, անզուգական ձայնը: Եվ դա զարմանալի չէ: Որպես իսկական վարպետ՝ Բեթը համերգից առաջ մինչև վերջին րոպեն փորձում էր, համաձայնում և վիճում ինքն իր ու իր թիմի հետ: 

Եվ այդ ամենը հանուն նրա, որպեսզի հերթական անգամ բեմին ներկայացնի ոչ միայն համերգ, այլ զգացմունքների իսկական հրավառություն:

Եվ դա նրան հաջողվեց: Երգչուհու setlist-ում ներկայացված 17 երգերը յուրահատուկ «դեպի երկինք աստիճան» դարձան հայ հանդիսատեսի համար, երբ յուրաքանչյուր նոր ալիք ամենաբարձրն էր թվում, բայց հաջորդը կրկին ամբողջությամբ կլանում էր: 

Համերգին ամեն ինչ կար. հզորագույն էներգետիկա, անզուգական ձայն, գրավիչ սեքսուալություն, անզսպելի ոգևորություն և հումորի կախարդական զգացում: Եղան նաև «հատուկ հյուրեր»: Բեթ Հարթի հետ նույն բեմում ելույթ ունեցան երեք զվարճալի երիտասարդներ, ովքեր երգեցին, չզարմանաք, «Երևանի սիրուն աղջիկը», որով առաջացրեցին Բեթի և նրա ամուսնու անկեղծ հիացմունքը: 

Հայ հանդիսատեսին սիրո բազմաթիվ խոստովանություններից բացի, Բեթը պատմեց նաև իր համար ամենանվիրական բաների մասին: 

Նա պատմեց, որ 43 տարվա ընթացքում շատ բան է տեսել կյանքում և մաղթեց իր ունկնդրին` ավելի հեշտ գտնել սեփական «ես»-ը, քան դա հաջողվել է իրեն: «Բայց Աստված սիրում է ինձ, որովհետև ինձ այսպիսի ամուսին է տվել: «My California» երգը նվիրվում է նրան»,- ասաց Բեթը: Հենց հուզիչ երգ-խոստովանությամբ էլ ավարտվեց երգչուհու երևանյան համերգը, ում բոլոր երգերը հենց Սիրո մասին են: 

Հաջորդ օրը «ԱՌԿԱ Style»-ի թղթակցին հաջողվեց զրուցել Բեթի ամուսնու՝ Սքոթ Գեթսկովի հետ: 
Նա պատմեց, որ իրենց շատ դուր է եկել Հայաստանը, իսկ հայ հասարակությունն ամենաբարձր գովեստի է արժանի: Պատասխանելով այն հարցին, թե ցանկանու՞մ է Բեթը նորից Երևան գալ, նա պատասխանեց, որ Բեթը շատ կցանկանար:

Այստեղ կարող եք դիտել համերգի և հետնաբեմի լուսանկարները: -0-