Աստղեր

Շառլ Ազնավուրի ներկայացուցիչ Քրիստինա Սարգսյանը պատմել է, որ Ազնավուրի մոսկովյան համերգից հետո կենսաթոշակառու տատիկը հետնաբեմում հանդիպել է մաեստրոյին։ Նա նշել է, որ Լիդա տատիկը զարմացած էր, որ «Ազնավուրի նման հռչակավոր մարդը այդքան համեստ է»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ԶԼՄ–ներում մեծ արձագանք էր ստացել «Լիդա տատիկի» մասին պատմությունը` նա Ազնավուրի երկրպագուհին է, երգում է նրա երգերն ու երազում ներկա լինել մաեստրոյի համերգին։ Ազնավուրը հուզվել էր այդ պատմությունից, տեսաուղերձ էր ձայնագրել և Լիդա տատիկին հրավիրել իր համերգին։ Համերգը կայացել է չորեքշաբթի Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում»։

«Տարեց կնոջը շփոթեցրել էր մամուլի ուշադրությունը։ Նա ամաչում էր գալ, սակայն հետո նրան հաջողվեց համոզել։ «Լիդա տատիկը» ( կինն այդպես է ներկայացել) համերգից հետո հետնաբեմում հանդիպել է մաեստրոյին։ Նա երջանիկ էր, որ հանդիպել է իր կուռքին, զարմացել, որ «հասարակ տատիկի» կյանքում այդպիսի հանդիպում է կայացել», – նշել է Սարգսյանը։

Շանսոնյեի ներկայացուցչի խոսքով` կինը շփվել է մաեստրոյի հետ և զարմացել, որ «Ազնավուրի պես հռչակավոր մարդը շատ համեստ է»։ «Սակայն, ինչպես հայտնի է, հռչակավոր մարդիկ հենց այդպիսին են», – ավելացրել է նա։ Ազնավուրը երկրպագուհուն նվիրել է իր ստորագրությամբ ձայնասկավառակն ու մի մեծ փունջ վարդեր։ Լիդա տատիկը նույնպես ծաղիկներով էր եկել։ 

CNN–ը և TIMES ամսագիրը Ազնավուրին դարի լավագույն էստրադային կատարող են ճանաչել։ 70–ամյա կարիերայի ընթացքում մաեստրոն վաճառել է 100 մլն ձայնասկավառակ, գրել 1200 երգ, 80 դեր խաղացել ֆիլմերում։ Թողարկվել է 294 ալբոմ և կազմակերպվել է 1000 համերգ աշխարհի 94 երկրում։ -0-