Աստղեր

Շառլ Ազնավուրի մոսկովյան համերգի կազմակերպիչները պատրաստ են կազմակերպել երգչի և 73–ամյա Լիդա տատիկի հանդիպումը։  Ֆրանսիական երգերի հանդեպ ունեցած սիրո արդյունքում համացանցում ճանաչում ստացած թոշակառուն դեռևս համաձայնություն չի հայտնել, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել Ռուսաստանում Ազնավուրի մամուլի քարտուղարը։ 

Ավելի վաղ լրագրող Ալեքսանդր Չերնիխը Facebook–ի իր էջում տեսանյութ էր տեղադրել Ազնավուրի երկրպագուհու` «Լիդա տատիկի» մասին։ Տատիկը մետրոյում երգել է Ազնավուրի երգը, և բլոգերների ակտիվության շնորհիվ այս պատմության մասին տեղեկացել են նաև Ազնավուրի` ապրիլի 22–ին Մոսկվայում կայանալիք համերգի կազմակերպիչներն ու անձամբ երգիչը։ 

«Շառլ Ազնավուրը շատ զգացված է, նա պատրաստ է համերգից հետո հանդիպել Լիդիա Իվանովնայի հետ, շփվել և լուսանկարվել։ Համերգի կազմակերպիչները խոստացել են նրան տոմս տրամադրել, սակայն Լիդիա Իվանովնան համերգին գալու համաձայնություն դեռ չի տվել. նա ամաչում է», – տեղեկացրել է Ռուսաստանում Ազնավուրի մամուլի քարտուղար Քրիստինա Սարգսյանը։ 

Չերնիխն իր բլոգում գրել է, թե հույս ունի համոզել համեստ թոշակառուին, որ հանդիպի իր կուռքի հետ։ -0-