Աստղեր

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստան այցելած համաշխարհային կինոյի աստղեր Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին այցելել են Երևանի կոնյակի գործարանի թանգարան, գրված է թանգարանի Facebook սոցցանցի պաշտոնական էջում: 

Հյուրերը եղան «ԱՐԱՐԱՏ» թանգարանում, հնեցման մառանում ծանոթացան «ԱՐԱՐԱՏ» կոնյակների պատմությանն ու արտադրությանը, շրջեցին գործարանի նախագահական սրահում, որտեղ պահվում են տարբեր երկրների նախագահների այցերի պատվին հնեցվող անվանական տակառները: Հյուրերին նաև ներկայացվել են «ԱՐԱՐԱՏ»-ի որոշ հնեցված նմուշները, որոնք մշտապես ցուցադրվում են ցուցահանդեսներին: 

«Աստղային պատվիրակությունը» նաև կանգ է առել «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի առիթով: Տակառում հնեցվում է 1994 թվականի կոնյակի սպիրտը, որը խորհրդանշում է հաշտության պայմանագրի ստորագրումը: Նշենք, որ տակառը անվանվել է «Խաղաղության տակառ», քանի որ այն պետք է բացվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման օրը: Հյուրերը գրառում են նաև թողել ԵԿԳ-ի այցելուների գրքում: 

Համաշխարհային ֆիլմի աստղեր Օռնելլա Մուտիին և Նաստասյա Կինսկուն մատուցվել են հատուկ պատրաստված կոնյակներ՝ «ԱՐԱՐԱՏ»-ի բացառիկ հավաքածուից:

Երևանի կոնյակի գործարանը հիմնադրվել է 1887 թ.-ին։ Ժամանակակից գործարանային համալիրը գործում է 1953 թ.-ից։ 1998 թ.-ին ԵԿԳ ընդգրկվել է Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային կորպորացիայի խմբի կազմում, որը ալկոհոլային խմիչքների մի շարք հանրահայտ ապրանքանիշերի սեփականատերն է և աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ալկոհոլային խմիչքների արտադրության ու վաճառքի ցուցանիշներով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵՀԳ ձեռք է բերել միջազգային մրցույթում 30 մլն դոլարով։ -0-