Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեկնաբանել է անվանի ռեփեր Քանյե Ուեսթի անակնկալ համերգը  Facebook-ի իր էջում։

«Երեկվա գիշերային անակնկալ համերգից շատերս բավականություն ստացանք: Եվ հարցը միայն համաշխարհային մեծության փոփ-աստղի նվերը չէր մեզ, այլ նաև մենք ինքներս. մեր քաղաքը, մեր երիտասարդությունը, մեր տրամադրությունն, մեր կազմակերպվածությունն ու կյանքը վայելելու ցանկությունը։ Շատ շնորհակալ եմ արտիստից, հանդիսատեսից, կազմակերպիչներից, քաղաքապետարանից և բոլոր ծառայություններից»,- գրել է նախարարը։

Աշոտյանը հայտնել է նաև, որ աշխատանքից չի ուշացել։

Ամերիկացի հայտնի ռեփեր, Գրեմմի 21 մրցանակ շահած Քանյե Ուեսթն անցած գիշեր մի քանի երգ կատարեց երևանցիների համար Կարապի լճի մոտ։ Հույզերով գերհագեցած  համերգը երկար կմնա երևանցիների հիշողության մեջ։  

Քանյե Ուեսթը կնոջ` ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ռեալիթի–շոուի աստղ, դերասանուհի, հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի, դստեր` Նորթի և Քիմի քրոջ` Քլոեի հետ Երևան էր ժամանել  նախորդ չորեքշաբթի։ Ապրիլի 13-ի վաղ առավոտյան նրանք Երևանից ուղևորվեցին Իսրայել։

Հայաստան այցի առիթը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Քարդաշյանները Հայաստանում նկարահանեցին նաև «Քարդաշյան ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված է Քիմի արմատներին։ 

Համերգի լուսանկարները կարելի տեսնել այստեղ: -0–