Աստղեր

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի ևս, ինչպես և անցյալ տարի, բազմաթիվ անակնկալներ է պատրաստել իր երկրպագուների համար։

Ինչպես հինգշաբթի լրագրողներին պատմել է ռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, որպես փառատոնի պատվավոր հյուր` Երևան կժամանեն իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին, ամերիկացի դերասանուհի Նաստասյա Կինսկին և ֆրանսիացի դերասան Պատրիկ Շենեն։

«Հայտնի դերասաններն ու դերասանուհիները փառատոնը իսկական տոն կդարձնեն։ Երևան կժամանեն նաև ռեժիսորներ Ռոբեր Գեդիկյանը, Քշիշտոֆ Զանուսին և Ռոբ Նիլսենը», – ասել է Խաչատրյանը։

Նա լրագրողներին պատմել է, որ Օռնելլա Մուտիին անակնկալ է սպասվում Երևանում. նա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի  մրցանակի կարժանանա` «Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար»։ Հիմնադիր տնօրենը նաև խոստացել է, որ փառատոնը մեծ տոն կդառնա արվեստի գործիչների և կինոյի սիրահարների համար, քանի որ «Ոսկե ծիրան 2015» կինոփառատոնի շրջանակում սպասվում են բազմաթիվ պրեմիերաներ և վարպետության դասեր։

«Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը Երևանում կանցկացվի հուլիսի 12-18-ը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանում ամենաճանաչվածներից մեկը:

Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային Ficts Plate D’honneur միության գլխավոր մրցանակին:

«ԱՌԿԱ Style»-ը կինոփառատոնի տեղեկատվական հովանավորն է: -0-