Երաժշտություն

Հրեական  «Զե լո խաշուվ» («Կարևոր չէ») խումբը ձայնագրել է «Կինո» խմբի «Արև անունով աստղ» երգի ռեմեյքը եբրայերեն։ Վիկտոր Ցոյի տարելիցին նվիրված կոմպոզիցիան հեռարձակվել է տեղական ռադիոյի եթերում, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով 9tv հրեական հեռուստաալիքին։

Խմբի մասնակիցները նշել են, որ երգի տեքստը հաջողվել է թարգմանել եբրայերեն գրեթե նույնությամբ։ «Մեծամասնությունը կարծում է, որ դա մեր երգն է, որ այն հրեական է։ Մենք, իհարկե, բացատրում ենք, որ դա այդպես չէ, սակայն դա իսկական արվեստի արդյունք է. եթե լավ է ստացվել, ապա յուրաքանչյուրը մտածում է, որ դա ինչ–որ անձնական բան է, իր երկրում արված», – պարզաբանել է խմբի վոկալիստ Էրան Շարաբին։

Կոլեկտիվը նաև երգի տեսահոլովակն է նկարահանել և այն տեղադրել YouTube։ Այն  մուլտֆիլմ է, որը պատկերավոր է դարձնում ստեղծագործության բառերը։

«Արև անունով աստղ» երգը «Կինո» խմբի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն ներառվել է 1989 թվականի համանուն 8-րդ ալբոմը։ Խմբի առաջնորդ և հիմնադիր Վիկտոր Ցոյը գրել է այդ երգը Ղազախստանում «Ասեղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ նա կատարել է գլխավոր դերը։ -0-