Երաժշտություն

Ցանցահենները վերջին օրերին կոտրել են Sony ընկերության սերվերները, ինչը Մադոննայի համար այդքան էլ ուրախ ավարտ չի ունեցել, հայտնում է Muzgazeta.com–ը։ 

Ցանցում հայտնվել են 13 անավարտ երգեր «Iconic» աշխատանքային անվանումով ալբոմից, որի տեսագրմամբ այժմ զբաղված է փոփ–թագուհին։ Երգչուհին վերջին ժամանակներում գործակցում է Sony Music–ի` մեծությամբ երկրորդ ձայնագրման ընկերության հետ, այդ պատճառով էլ կասկածի տակ են #GOP («Կարգի պաշտպաններ») խմբի ցանցահենները, ովքեր դեկտեմբերի սկզբին կոտրել էին Sony կորպորացիայի սերվերները և գողացել են մեծ քանակությամբ գաղտնի տեղեկություն։ 

Մադոննան այսպես է մեկնաբանել կատարվածը. «Շնորհակալ կլինեմ, եթե չլսեք այդ երգերը։ Շնորհակալ եմ հավատարմության համար։ Շնորհակալ եմ սպասելու համար։ Իսկ եթե ինչ–որ մեկը, այնուամենայնիվ, լսել է ձայնագրությունները, հիշեք` դրանք վաղուց գողացված անավարտ դեմո–տարբերակներ են»։ 

Երբ վերջերս համացանցում հրապարակել էին անավարտ ալբոմի «Rebel Heart» երգը, Մադոննան բարկության պահին կոտրել է «iPod» նվագարկիչը։ Կոտրած սարքի լուսանկարը երգչուհին հրապարակել է իր էջում` ցույց տալու համար, թե ինչպես է զայրացել ցանցահենների գործողություններից։

«Iconic» ալբոմը ծրագրվում էր հրապարակել 2015 թվականին։ Այժմ պարզ չէ, թե ինչ են անելու մարքեթինգի մասնագետները։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Մադոննայի պրոդյուսերները կկարողանան շուտով հրապարակել ալբոմն iTunes–ում, սակայն դրանք միայն ենթադրություններ են։ -0-