Երաժշտություն

Երևանցի երաժշտասերների համար նախորդ ուրբաթը կհիշվի ոչ թե որպես «ուրբաթ–13» չարագուշակ համընկումով, այլ` աշխարհահռչակ դաշնակահար Ռիշար Քլայդերմանի երևանյան դեբյուտային համերգով։

Քլայդերմանն աշխարհի ամենահայտնի ժամանակակից դաշնակահարներից է, նրա 100 խտասկավառակներն աշխարհում վաճառվել են 90 մլն օրինակով։ Եվ զարմանալի չէ, որ Երևանի հանդիսատեսը մաեստրոյին ողջունեց բուռն ծափահարություններով, իսկ համերգը պարզապես հիանալի անցավ։ Քլայդերմանը, ինչպես խոստացել էր, ներկայացրեց իր վաղ ստեղծագործությունները, ինչպես նաև «Ռոմանտիկա» վերջին ալբոմի ստեղծագործությունները։ Նա նաև կատարեց «Տիտանիկ» լեգենդար ֆիլմի սաունդթերքն ու Սթիվի Վանդերին նվիրված ստեղծագործությունը, որին հանդիսատեսն արձագանքեց բուռն հիացմունքով։ 

Հատուկ ջերմությամբ ընդունվեց մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի հատվածի կատարումը։ 

Համերգի ընթացքում երաժիշտը մշտապես շփվում էր հանդիսատեսի հետ, կատակում, ինչպես նաև նվիրում իր կատարած ստեղծագործությունների նոտաներով թերթիկները։ 

Հատկանշական է, որ Հայաստանում գտնվելու ողջ ընթացքում Քլայդերմանի պիջակի վրա ամրացված էր Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկը։ Եվ դա այն դեպքում, որ Քլայդերմանի համերգները նվիրված չէին ողբերգական տարեթվին։ 

Երաժշտական երեկոյի վերջում Քլայդերմանը խոստացավ կրկին այցելել Երևան։ Դե ինչ, սպասենք, հատկապես, որ աշխարհահռչակ ֆրանսիացի դաշնակահար, գործիքավորող, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիշար Քլայդերմանն ավելի վաղ խոստացել էր իր հարուստ ցանկում ներառել նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ 

Համերգի լուսանկարները կարելի է դիտել այստեղ։ -0-