Երաժշտություն

Տաղանդավոր, արտասովոր և անկրկնելի Բեթ Հարթը հուլիսի 3–ին համերգ կունենա Հայաստանում։

Ամերիկացի երգչուհին, բարդույթներից զերծ կինը, երաժիշտը, կոմպոզիտորը, բլյուզ–ռոքի, ջազ–ֆյուժնի և սոուլի կատարողը, ով գերում է իր ունկնդրին հզոր ձայնով, միանգամից համաձայնել է այցելել Հայաստան իր շրջագայության շրջանակում։

Երկրի բնակիչներին և հյուրերին սպասվում է հանդիսատեսի հետ հեշտությամբ կապ հաստատող անկրկնելի արտիստուհու և երգչուհու խելահեղ համերգը։

Հարթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Համերգի կազմակերպիչներից մեկը և One Production–ի ղեկավար Վարդուհի Դավթյանը չորեքշաբթի ասաց լրագրողներին, որ Հայաստանում ելույթ կունենա ամենաէքսցենտրիկ կատարողներից մեկը, ով ստեղծագործում է արդեն տասը տարի։ 

«Մենք կապվել ենք երգչուհու մենեջմենթի հետ և առաջարկել նրան գալ Հայաստան, և նրանք մեծ հաճույքով համաձայնել են։ Նրանք պարզապես ապշած էին, երբ մենք նրանց առաջարկեցինք ելույթ ունենալ նվագախմբի հետ»,– նշեց Դավթյանը` պատասխանելով «ԱՌԿԱ Style»-ի հարցերին։ 

Նրա խոսքով` Հարթն անցյալ տարի եղել է Գրեմմիի նոմինանտ, վերջերս նոր ալբոմ է թողարկել։

Ըստ նրա` Հարթն այժմ սկսել է համաշխարհային շրջագայություն, որի շրջանակում կայցելի Հայաստան։ Համերգը կանցնի Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»,– ասաց Դավթյանը։ 

Նա ավելացրեց, որ համերգը բացառիկ է, քանի որ Հարթը ելույթ է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ 

«Նման համատեղ ելույթի գաղափարն իմն է։ Ես, լինելով երաժիշտ, ցանկանում եմ, որ Հայաստանում միշտ լավ երաժշտություն հնչի։ Իմ առաջարկը ես քննարկեցի Սերգեյ Սմբատյանի հետ, և նա ընդունեց այն»,– խոստովանեց Դավթյանը։ 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ավելացրեց, որ տարբեր հետաքրքիր ձևաչափերով ելույթ ունենալը նվագախմբի համար միշտ հաջողված է լինում։ 

«Բեթ Հարթը թրենդներ ստեղծող երաժիշտ է, և լավ է, որ նա համաձայնեց Հայաստան գալ»,– ավելացրեց Սմբատյանը։ 

Կազմակերպիչների խոսքով` մեկ գնված տոմսը հնարավորություն կընձեռի ունկնդրին մասնակցել միանգամից երկու համերգի` Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ–ում և Ռետրո Մյուզիք Քլաբում կայանալիք afterparty–ին ուշ երեկոյան, որի ընթացքում Բեթ Հարթից բացի, ելույթ կունենա նաև Հայաստանի լավագույն ռոք խմբերից մեկը` Dorians–ը։ -0-