Երաժշտություն

«Սա համերգ չէ, այլ պարզապես երեկո, երբ մենք ուրախ ժամանակ ենք անցկացնելու», – այսպես է սկսել երևանյան իր համերգը հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին։ 

Եվ իսկապես նա արդարացրեց իր և ոչ միայն իր (համերգը համատեղ էր) երկրպագուների սպասումները։ Պավլիաշվիլին երկու ժամ շարունակ ոչ միայն երգում էր, խմում, կենաց ասում, կատակում, սեր խոստովանում Հայաստանին, Վրաստանի կանանց, ծնողներին, Երևանին և երևանցիներին, այլ նաև մտորում էր կյանքի և ճակատագրի մասին։ 

Երգիչը նաև հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ այս փաստի մասին պետք է ոչ թե խոսել, այլ բղավել։ Զոհվածների մասին հիշողությունը պահպանելով միայն կարելի է վստահ լինել, որ նման ճակատագրի չեն արժանանա նրանց սերունդները։ 

Նա մեծ ջերմությամբ խոսեց իր գործընկերների` Անչոկի, Նարիի և Նունե Եսայանի մասին, որոնք ևս մասնակցում էին այդ համերգին։ Պավլիաշվիլին անակնկալ մատուցեց հանդիսատեսին և Հայաստանի վաստակավոր արտիստ Նունե Եսայանի հետ նոր երգ ներկայացրեց հանդիսատեսին։ 

Պավլիաշվիլին նաև պատմեց, որ իր և Հայաստանի կապը նոր չէ։ «Այն ժամանակ ես երիտասարդ էի և գեղեցիկ, իսկ հիմա` միայն գեղեցիկ», – երգիչն այսպես է հիշում ՈւՀԱ–ի «Նոր հայեր» թիմի հետ ունեցած հաջող համագործակցությունը։ 

Սակայն, անխոս, երեկոյի գագաթնակետը դարձավ «Երևան» երգի կատարումը, որի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է Պավլիաշվիլին։ Այս երգի կատարմամբ Պավլիաշվիլին արտահայտեց իր անսահման սերը Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ։ Երգիչը կատարեց նաև իր հայտնի հիթը` «Երկինքն ափի մեջ» ստեղծագործությունը։ 

Չնայած արդեն ուշ էր, և երգիչը դեռ ևս մեկ համերգ ուներ, այնուհանդերձ հանդիսատեսը երկար ժամանակ չէր թողնում, որ երգիչը հեռանա բեմից։ Ինչպես խոստովանեց Պավլիաշվիլին, ինքն էլ մեծ հաճույքով չէր բաժանվի այդքան սիրված երևանցի հանդիսատեսից։

Համերգի կազմակերպիչը Forpostart Production ընկերությունն էր: 

Համերգի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-