Երաժշտություն

Աշխարհահռչակ ֆրանսիացի դաշնակահար, գործիքավորող, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիշար Քլայդերմանը Երևանում համերգներ կունենա մարտի 13-ին և 14-ին: Երևան ժամանելուց հետո երաժիշտը հանդիպել է լրագրողների հետ և պատմել իր, իր ստեղծագործական ճանապարհի և երաժշտության նկատմամբ վերաբերմունքի մասին։ 

Առաջին այցը Հայաստան

Քլայդերմանն ընդգծեց, որ շատ ուրախ է Հայաստան այցելելու և երկրի մասին ավելին իմանալու հնարավորության համար։ Հայաստան այցը նաև լավ հնարավորություն է հայ երաժիշտների հետ աշխատելու համար։ Արտիստին միշտ հետաքրքիր է բացահայտել նոր երկրներ։ Նա հույս է հայտնել, որ առաջին այցը Հայաստան վերջինի չի լինի։

Երևանյան համերգներ

Դաշնակահարի համար գլխավորը լավ ելույթն է։ Երևանում նա կներկայացնի  հատվածներ այն ստեղծագործություններից, որոնք կատարել է իր կարիերայի ամենասկզբում, ինչպես նաև մեղեդիներ իր վերջին` «Ռոմանտիկա» ալբոմից և կինոնկարների համար գրված երաժշտությունից։ «Նաև ուրախ եմ, որ համագործակցում եմ հայ երաժիշտների հետ։ Չնայած, որ արդեն քառասուն տարի զբաղվում եմ երաժշտությամբ, Հայաստանում ինձ նոր հանդիսատես է սպասում։ Հույս ունեմ, որ կարող եմ նրանց ներկայացնել իմ զգացմունքները։ Հուսով եմ, որ հայ հանդիսատեսը կհուզվի իմ կատարումներից», – խոսել է իր սպասումների մասին երաժիշտը։ 

Քլայդերմանը և հայ կոմպոզիտորները

Երաժիշտը նշեց, որ իր երկացանկում կա հատված Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից և հույս է հայտնել, որ Երևան կատարած այցի ընթացքում նրան կհաջողվի բացահայտել հայ ժողովրդի երաժշտական ժառանգությունը, չնայած սահմանափակ ժամանակին։ Նա հայտնեց նաև, որ Երևան հաջորդ այցի ժամանակ հայ կոմպոզիտորների այլ ստեղծագործություններ ևս կկատարի։

Ռիշար Քլայդերմանի հաջողության բանաձևը

«Աշխարհում բազմաթիվ լավ դաշնակահարներ կան, ովքեր շատ լավ նվագում են։ Երբ քառասուն տարի առաջ հնարավորություն ստացա ձայնագրել առաջին ալբոմը, որը կոչվում է «Բալլադ Ադելինայի մասին», ես կարծում էի, թե իմ հաջողությունը կսահմանափակվի Ֆրանսիայով։ Բայց հետո իմացա, որ ձայնասկավառակը մեծ հաջողություն է ունեցել Եվրոպայում, Ասիայում, Հարավային Ամերիկայում։ Պետք է ասեմ, որ հաջողությունը ժպտաց ինձ։ Իմ հաջողության երաշխիքը դարձավ նաև այն, որ կարողացա ճիշտ գործիքավորում գտնել, «դիպչել» հանդիսատեսի սրտերին։ Եվ ահա արդեն քառասուն տարի ելույթ եմ ունենում ողջ աշխարհում։ Երաժշտությունը, որը կատարում եմ, կարելի է անվանել փոքր–ինչ դասական և հանրաճանաչ։ Ահա սա է իմ պատմությունը», – ասաց նա։ 

Քլայդերմանն իրեն ռոմանտիկ է համարում, և այդ պատճառով երաժշտությունը, որը նա կատարում է, արտահայտում է իր տրամադրությունը, անհատականությունը, կենսակերպը։ Այդ պատճառով նա ամբողջական ներդաշնակության մեջ է գտնվում այն երաժշտության հետ, որը կատարում է։ 

Քառասուն տարվա ընթացքում դաշնակահարին բախտ է վիճակվել ելույթ ունենալ ամենատարբեր լսարանի առաջ, և ամեն նոր ելույթ, նրա խոսքերով, ուղեկցվում էր բացարձակապես տարբեր հույզերով։ «Դա մեծ մասամբ կախված է այն երկրից, որտեղ ելույթ եմ ունենում։ Ինձ համար միշտ հուզիչ է, երբ հանդիսատեսը հուսական տեսակետից արձագանքում է իմ ելույթին, այդ պատճառով ես փորձում եմ յուրաքանչյուր համերգի ժամանակ ավելի լավ նվագել», – ասաց նա։ 

Ես երաժիշտ եմ, ոչ թե աստղ

Չնայած ստեղծագործության հաջողությանը` Քլայդերմանն իրեն համարում է պարզապես երաժիշտ, այլ ոչ թե աստղ և ամեն անգամ զարմանում է, երբ իմանում է, որ իր համերգներին հազարավոր մարդիկ են գալիս։ «Ես շատ համեստ մարդ եմ։ Դա է պատճառը, որ ես այդքան շատ գործիքի կարիք ունեմ` ինքնարտահայտվելու համար», – ասաց նա։ 

Ռիշար Քլայդերմանի ստեղծագործական ուղին

Ռիշար Քլայդերմանը կոնսերվատորիա է ընդունվել 12 տարեկանում։ Նա աշխատել է Միշել Սարդուի, Թիերի Լը Լյուրոնի և Ջոնի Հոլիդեյի հետ։

Նրան աստղ է դարձրել համաշխարհային ճանաչում ստացած «Բալլադ Ադելինի համար» ստեղծագործությունը, որի հեղինակը Պոլ դը Սենևիլն է։ Ձայնագրության շուրջ 22 մլն օրինակ է վաճառվել աշխարհի ավելի քան 30 երկրում։ Քլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1200 երաժշտական ստեղծագործություն և թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ` 90 մլն օրինակ ընդհանուր քանակով։

Քլայդերմանի համերգները կանցկացվեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։

Մամուլի ասուլիսի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-