Երաժշտություն

Իտալացի հայտնի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը հայտնի է իր դաշնամուրային վիրտուոզ կատարումներով։ Եվ ահա փետրվարի 5-ին նա ելույթ կունենա Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Իտալացի դաշնակահարը նույն բեմում հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։ 

Երաժիշտները կկատարեն Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար:

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում և շատ ուրախ եմ։ Թեև ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ դեռ անցյալ տարի պիտի նվագեի, սակայն մայրս մահացավ, և այդ պատճառով նախորդ տարվա մայիսին չկարողացա գալ Հայաստան»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց Կոնսալեսը։

Դաշնակահարը նշում է, որ 2015 թվականը շատ կարևոր տարի է, քանի որ հենց այս տարի է Հայաստանում նշվում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցը։ 

«Հայ երաժշտության մեջ ես կարող եմ առանձնացնել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք պաշտում եմ։ Իտալական կոնսերվատորիայում էլ են Խաչատրյան նվագում»,– ասաց Կոնսալեսը` ավելացնելով, որ փոքր տարիքում ինքը նույնպես նվագել է հայ մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները։ 

Դաշնակահարը նշեց, որ իր ընտանիքում երաժիշտներ չեն եղել, և այդ շնորհը վերևից է տրված։

Հայաստանի մայրաքաղաքում, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում փետրվարի 6–ին և 7–ին Կոնսալեսը դաշնամուրի վարպետության դաս կանցկացնի, որի շրջանակում էլ կկայանա համերգը։

Դաշնամուրի հետ կյանքը կապած իտալացի դաշնակահարը երևանյան բեմում հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։ 

Համերգի հովանավորը Թուֆենկյան հիմնադրամն է։

Կոնսալեսի և նվագախմբի համատեղ համերգի փորձի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-