Երաժշտություն

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգային դահլիճը մեկ երեկո մոգական ուժ ստացավ։ Համաշխարհային հռչակ վայելող «Քրոնոս» քառյակը (Kronos Quartet) նախօրեին համերգ ունեցավ Հայաստանի մայրաքաղաքում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ծրագրում հնչեցին Դեսների, Անդերսոնի, դե Վիլիի, Մանսելի, Լիզեի  ստեղծագործությունները։

Համերգից հետո հանդիսատեսն ապշած էր. կարծես սպասում էին սովորական համերգի, սակայն այդ հրաշալի քառյակն իսկապես կարողացավ զարմացնել անգամ շատ բան տեսած երաժշտասերներին։

Արդեն որերորդ շաբաթն անընդմեջ Հայաստանը հայտնվում է համաշխարհային հանրության, ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում` ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների և տարբեր երկրների ղեկավարների այցի միջոցով, այլև նրանով, որ մեկը մյուսի ետևից մեր երկիր են ժամանում համաշխարհային ճանաչում վայելող աստղեր։

Հանդուգն և հայտնի Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, լեգենդար System of a Down ռոք խումբը` տեղատարափ անձրևի տակ ունեցած համերգով, աշխարհի 43 երկրների երաժիշտների միավորած «24/04» նվագախմբի անմոռանալի համերգը:

Այս անգամ ողջ աշխարհում հայտնի «Քրոնոս» քառյակը երևանցիներին լարային գործիքների աներևակայելի հնչողություն, ֆանտաստիկ մեղեդիներ և հեքիաթային կատարում պարգևեց։

Այդ` հիրավի տաղանդավոր երաժիշտների զգայացունց ելույթն ապշեցրեց  ունկնդրին, ստիպեց նրանց` իրենց զգալ վիթխարի տիեզերքի մի մասնիկը։ «Քրոնոս քառյակի» լարերի հնչողության շնորհիվ լսողներն, ասես, վերանում են իրականությունից։

Երաժիշտները ելույթի ժամանակ նաև տարբեր գործիքներ էին օգտագործում` ստեղծագործություններին ավելի շատ առեղծվածային և գրավիչ երանգ հաղորդելու համար։

Համերգը կազմակերպվել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական  XVI փառատոնի շրջանակում` նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Համերգի ժամանակ հնչած ամենահուզիչ ստեղծագործություններից մեկը  ամերիկահայ կոմպոզիտոր Մարի Կույոմջյանի գործն էր` նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Քառյակի կատարման ժամանակ ունկնդիրների դեմքերին հիացմունք էր, աչքերում` արցունքներ։

Քառյակը ստեղծվել է 1973 թվականին Սիեթլում։ Հիմնադիրն է Դևիդ Հարինգտոնը։ Մյուս անդամներն են Ջոն Շերբան (ջութակ), Հանք Դաթը (ալտ), Սանի Յանգը (թավջութակ):

Ըստ երաժշտական քննադատների` «Քրոնոս» քառյակը լավագույն լարային քառյակն է, մեր ժամանակների մեծագույն երաժշտական կոլեկտիվներից մեկը։ Քառյակի ստեղծագործության հիմնական ուղղություններն են ակադեմիական ավանգարդը, XX դարի դասական երաժշտությունը, մինիմալիզմը, նոր ջազը, կոնցեպտուալ պերֆորմանսը, էթնիկ երաժշտությունը, ռոք և փոփ երաժշտության մշակումները։

24 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում քառյակը ձայնագրել է ավելի քան 30 ալբոմ, 1989թ.–ին «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Ժամանակակից երաժշտության լավագույն ստեղծագործության համար»։ 

Համերգի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: –0–