Երաժշտություն

«Սարյան-ֆեստ» (2010թ.), «Բաբաջանյան-ֆեստ» (2011թ.), «Չուխաջյան-ֆեստ» (2012թ.), «Ռոմանոս Մելիքյան-ֆեստ» (2013թ.), «Տերտերյան-ֆեստ» (2014թ.). փայլուն անունների շարքն այս տարի համալրվում է հայ երաժշտարվեստի ևս մեկ նվիրյալի անունով` մեկնարկել է «Էդգար Հովհաննիսյան-ֆեստ» փառատոնը։  

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ արդեն 6-րդ անգամ մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ 

Հունվարի 20-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ազդարարվեց փառատոնի հանդիսավոր բացումը: Այս տարի այն նվիրված է անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի 85-ամյակին:  

Հունվարի 20-ի, 30–ի և փետրվարի 4–ի համերգների ծրագրում Հովհաննիսյանի գործիքային–կամերային, դաշնամուրային և սիմֆոնիկ ստեղծագործություններն են, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Մեր հասարակության ընդգրկուն հատվածին կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանն առավելապես հայտնի է «Էրեբունի-Երևան» երգով, ինչը դարձել է մեր մայրաքաղաքի հնամյա պատմությունը խորհրդանշող հիմներգը:  

Փառատոնի բացման համերգին հնչեցին Էդգար Հովհաննիսյանի կամերային ստեղծագործությունները՝  Սոնատ մենանվագ ալտի համար, Սոնատ (էպիտաֆիա) թավջութակի և դաշնամուրի համար, Նոկտյուրն՝ թավջութակի և դաշնամուրի համար՝ նվիրված Մինաս Ավետիսյանի հիշատակին, ինչպես նաև Դաշնամուրային կվինտետը: Համերգի ընթացքում հանդես եկան ալտահարուհի Յանա Դարյանը, «Արս լունգա» դուետը՝ թավջութակահար Արամ Թալալյան և դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյան, ինչպես նաև Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը:

«Մարդ, որի երաժշտությունը դարձել է ժողովրդական»,- Էդգար Հովհաննիսյանին այսպես բնութագրեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:- Հովհաննիսյանի արվեստի մեջ բովանդակալից ներկայացվում էր ոչ միայն անձի, այլ ամբողջ Հայաստանի ներաշխարհը: Չկա որևէ երաժշտական ժանր, որին անդրադարձած չլինի Հովհաննիսյանը: Շատ հաճելի է, որ վեցերորդ փառատոնը սկսվում է Էդգար Հովհաննիսյանի կամերային ստեղծագործություններից բաղկացած համերգով»,- ընդգծեց Արամ Սաթյանը:

Թավջութակահար Արամ Թալալյանի կարծիքով՝ երիտասարդական նվագախումբը հսկայական աշխատանք է կատարում. «Ամեն տարի փառատոնը նվիրվում է այս կամ այն անվանի կոմպոզիտորին: Հնչում են և տվյալ կոմպոզիտորի, և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Սա մեծ ներդրում է հայ երաժշտական կյանքում»:

Երիտասարդ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի կարծիքով` այս փառատոներից յուրաքանչյուրը մի մեծ նվեր է հայ երիտասարդությանը: «Մեզ` երիտասարդներիս, հնարավորություն է տրվում վերագնահատել ինքներս մեզ, մեր արած գործերը: «Էրեբունի- Երևան» երգը ևս մեկ անգամ լսելով` պետք է հասկանանք, որ մենք կրողն ենք այս արվեստի ու իրավունք չունենք նշաձողն իջեցնելու»: -0-