Երաժշտություն

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի նախկին հնչյունային ռեժիսորը` Մայքլ Դարեմ Փրինսը, իր համակարգչում պահում է երգչի 20 չհրապարակված երգերը։

Հնչյունային ռեժիսորն աշխատել է Ջեքսոնի հետ 1995թ.–ից, երբ լույս է տեսել HIStory սկավառակը,  ընդհուպ մինչև երգչի մահը` 2009  թվական։  Հենց ի պատիվ հնչյունային ռեժիսորի` էստրադայի աստղն անվանել է իր որդուն` Փրինս Մայքլ Ջեքսոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Իմ համակարգչում մնացել են Մայքլի 20 չհրապարակված երգեր, բոլորն անավարտ են։ Բայց ես իրավունք չունեմ գրել երգերի անունները կամ դրանք հասանելի դարձնել լսելու համար»,– ասել է Փրինսը ֆրանսիական Parisien թերթին տված հարցազրույցում։

Հնչյունային ռեժիսորի խոսքով, որպեսզի երգչի երկրպագուները կարողանան լսել այդ երգերը, պետք է գտնել ինչ–որ մեկին, ով կարող է երգել Ջեքսոնի հետ միասին, քանի որ առկա ձայնագրություններում փոփ երաժշտության արքան կրկներգերը չի կատարել։ «Դա կորոշեն Ջեքսոնի ընտանիքը, նրա ժառանգորդները և նրա լեյբլը»,– ասել է Փրինսը։

2010թ.–ին հրատարակվել է Ջեքսոնի Michael հետմահու ալբոմը, իսկ 2014թ.–ին երկրորդը` Xscape։Երգչի ընտանիքը պայմանագիր է կնքել Sony ընկերության հետ 10 ձայնասկավառակներ թողարկելու համար, որոնց թվում կլինեն հին ալբոմների և վերահրատարակություններ և երբևէ չհրապարակված երգերի ժողովածուներ։ -0-