Երաժշտություն

«Jethro Tull» խմբի հիմնադիր և ֆլեյտահար Իեն Անդերսոնի նկարագրությամբ` «Դոգմա» էթնիկ-պրոգրեսիվ ռոք խումբը Մարսից այս կողմ գտնվող լավագույն «մետալ» խումբն է», որը օգոստոսի 20–ին աննախադեպ հյուրախաղեր կանցկացնի Հայաստանում և Ղարաբաղում։ 

Խմբի բաս–կիթառահար Վարդան Գրիգորյանը պատմել է նախագծի և այն մասին, թե ինչու են որոշել նման նախագիծ իրականացնել։ 

«Սա պրագմատիկ նախագիծ չէ, նպատակը եկամուտ ստանալը չէ։ Սա լճացումից դուրս գալու փորձ է մեր կողմից։ Մենք ուզում ենք Հայաստանի բնակիչներին հասցնել մեր հիմնական ուղերձը` «ոչ միայն հացիվ»», – ասաց Գրիգորյանը։ 

Հյուրախաղերի նպատակն է ակտիվացնել Հայաստանի մարզերի և Ղարաբաղի մշակութային կյանքը, նախադեպ դառնալ մյուս երաժշտական համույթների համար։ 

Հյուրախաղերի շրջանակում առաջին համերգը կկայանա օգոստոսի 20–ին Վանաձորում, օգոստոսի 21–ին «Դոգման» ելույթ կունենա Գյումրիում, օգոստոսի 23–ին` Սիսիանում։ Օգոստոսի 25–ին ռոք խումբը կուրախացնի իր ստեփանակերտցի երկրպագուներին, օգոստոսի 27–ին և 28–ին ելույթ կունենա Կապանում և Գորիսում։ Հյուրախաղերը կավարտվեն օգոստոսի 31–ին Արմավիրում։ 

«Դոգմա» ռոք խումբը ստեղծվել է 2008թ.–ին։ Խմբի կազմում ելույթ են ունենում կիթառահարներ Վարդան Գրիգորյանն ու Հենո Գրիգորյանը, երգչուհի Զառա Գևորգյանն ու թմբկահար Գոռ Ավետիսյանը։ 

Խումբը համադրում է հայկական էթնիկ մեղեդիներն ու պրոգրեսիվ «մետալը»։ Ռոք խումբը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների, արժանացել է պարգևների, ելույթ է ունեցել հայտնի երաժիշտների հետ, որոնք դրական կարծիք են հայտնել երաժշտական համույթի մասին։

Նախագծի հովանավորը «Ռոստելեկոմ» ընկերությունն է։