Երաժշտություն

Ծագումով հայ, Մոսկվայում ապրող և ստեղծագործող ջազային հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան և Miraif project խումբը մենահամերգներ կունենան Երևանում և Ստեփանակերտում։ Երևանյան համերգը տեղի կունենա ապրիլի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մինչ այդ նախատեսված է Մերաբովայի բարեգործական համերգը Ստեփանակերտում, որը տեղի կունենա ապրիլի 1-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: 

Այս մասին «ԱՌԿԱ Style»–ին է հայտնել համերգի կազմակերպիչ «Իվենթ գրուփ» ընկերությունը: 

«Սիրված երգչուհին արդեն հնարավորություն ունեցել է իր անկրկնելի կատարումներով գերել հայ հանդիսատեսին, սակայն այս համերգը յուրահատուկ է նրանով, որ Մարիամ Մերաբովան իր հայրենի քաղաքում առաջին անգամ է մեծ բեմից հանդես գալու մենահամերգով», — նշվում է հաղորդագրության մեջ: 

Երգչուհին նշում է, որ անբացատրելի հուզմունքով է սպասում Երևանում նախատեսված իր յուրաքանչյուր համերգին: «Երևանյան իմ յուրաքանչյուր համերգին ես սպասում եմ անբացատրելի հուզմունքով: Կանգնել լեգենդար դահլիճի բեմի վրա, իսկապես մեծ երջանկություն է, երգել հանդիսատեսի համար, ով առանձնահատուկ սեր ունի և միանգամայն այլ կերպ է ընկալում ջազը և որակյալ երաժշտությունը, միշտ հուզիչ է», — նշում է նա: 

Երգչուհին և կազմակերպիչները, որոնց թվում է «Էմիլ Կարատ» ստուդիան, խոստանում են, որ համերգը բոլոր ներկաներին և ջազային արվեստի սիրահարներին հրաշալի հնարավորություն կտա առնչվել բարձր արվեստին և հիանալի գործիքավորման ուղեկցությամբ վայելել երգչուհու անզուգական և կենդանի ձայնով կատարումները: 

Մերաբովան հանդես է գալու «Miraif project»-ի նվագակցությամբ: Մարիամն այդ խմբի մեներգչուհին է, իսկ խումբը ստեղծվել է նրա ամուսնու` երաժշտական պրոդյուսեր, երգերի մեծամասնության հեղինակ Արմեն Մերաբովի կողմից: 

Մարիամը իր հայ երկրպագուների համար գեղեցիկ անակնկալ է պատրաստել և առաջին անգամ կատարելու է հայերեն երգեր, որոնք հատուկ մշակվել են երևանյան մենահամերգի համար: Համերգին կհնչեն ինչպես արդեն շատ սիրված և հայտնի երգեր, այնպես էլ նոր երգեր: 

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի, Երևանի և Ստեփանակերտի հետ հանդիպմանը, որպեսզի հանդիսատեսին նվիրենք մեր երաժշտությունը, մեզ, մեր ձայնը և մեր սրտերը», — նշում է Մերաբովան: 

Մարիամի հայրենի քաղաքը Երևանն է, որտեղից էլ սկսվել է նրա երաժշտական կարիերան: Ավարտելով երևանյան երաժշտական դպրոցներից մեկը` նա ընտանիքով տեղափոխվում է Մոսկվա, որտեղ ստանում է երաժշտական բարձրագույն կրթություն: Առաջին անգամ մեծ բեմ Մարիամ Մերաբովան բարձրացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Բրիլի հետ միասին: 

Մարիամ Մերաբովան և «Miraif project»-ը իրենց համատեղ գործունեության ընթացքում թողարկել են 3 ալբոմ: Իր կարիերայի ընթացքում Մարիամը աշխատել է աշխարհում հայտնի այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Վյաչեսլավ Գորսկին, Ֆիլլ Պերին, Էրիկ Մորիենտալը, Գրիգորի Ֆայնը: 

Մարիամ Մերաբովա անունը լայն հանրությանը առավել հայտնի դարձավ այն ժամանակ, երբ նա մասնակցեց ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» միջազգային մրցույթին և դարձավ 3-րդ եթերաշրջանի եզրափակիչ փուլ դուրս եկած երգիչներից մեկը: Մերաբովան բազմիցս հանդես է եկել որպես բեք-վոկալ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ժամանակ: -0-