Երաժշտություն

«Անհնար է նկարագրել այն զգացմունքներն ու զգացողությունները, որոնք մենք ապրեցինք Հայոց ցեղասպանության թանգարանում»,– Երևանում կազմակերպված ասուլիսն այսպես սկսեց հայտնի «Քրոնոս» քառյակի հիմնադիր և առաջին ջութակ Դևիդ Հարինգտոնը։ 

«Մի քանի ժամ առաջ մենք քառյակի անդամների հետ այցելեցինք Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ես ապրեցի կյանքիս ամենավառ և հուզիչ զգացմունքները։ Ինձ տպավորեց այն, որ թանգարանում բազմաթիվ դպրոցականների տեսա, և կարծում եմ, որ մենք պարզապես պարտավոր ենք հենց երեխաներին պատմել պատմական ճշմարտությունը»,– ավելացրեց երաժիշտը։ 

Նա նաև ընդգծեց, որ իրենց համույթի համար չափազանց հուզիչ է այն փաստը, որ իրենց վաղվա համերգը նվիրված է Ցեղասպանությանը, իսկ այդ հանգամանքը բազմաթիվ անգամ ավելացնում է պատասխանատվության զգացումը։ 

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ քառյակի համերգը երկար սպասված իրադարձություն է Հայաստանի համար։ 

«2004թ.–ին մենք առաջին անգամ նրանց հրավիրեցինք փառատոնին, սակայն տարբեր պատճառներով համույթը մի քանի անգամ մերժեց մեզ։ Անհավանական իրադարձություն է այն, որ «Քրոնոս» քառյակը վերջիվերջո արձագանքեց մեր առաջարկին։ Դա տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնը վերջին 15 տարում միջազգային ճանաչում ձեռք բերեց»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` փառատոնի համար մեծ պատիվ է երաժշտական արվեստի նման վարպետներին հյուրընկալելը, և հատկապես հաճելի է այն փաստը, որ համերգին կհնչի նաև ամերիկահայ կոմպոզիտոր Մարի Կույոմջյանի ստեղծագործությունը, և դա համաշխարհային պրեմիերա կլինի։ «Քառյակը Հայոց ցեղասպանությանը նվիրված այս ստեղծագործությունը պատվիրել է երիտասարդ կոմպոզիտորին, որպեսզի ցեղասպանության հանդեպ ունեցած իր վերաբերմունքն արտահայտի», – ընդգծեց Հովհաննիսյանը։ 

Նա նաև ավելացրեց, որ քառյակը միշտ պատրաստակամությամբ է համագործակցում երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ, օգնում է նրանց ստեղծագործական ճանապարհ սկսելու գործում։ 

«Պետք է նշեմ, որ ավելի վաղ ես չէի էլ ենթադրում, որ Հայաստանում երաժշտական քառյակի այնպիսի երկրպագուներ կլինեն, ովքեր կդիմեն մեզ` խնդրելով համերգային ծրագրում ներառել քառյակի այս կամ այն ստեղծագործությունը», – նշեց Հովհաննիսյանը։ 

«Քրոնոս» քառյակը ապրիլի 29-ին ելույթ կունենա նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Լեգենդար «Քրոնոս» քառյակը «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում կբարձրաձայնի Ցեղասպանության մասին:

Ծրագրում կհնչի Բրայս Դեսների, Լորի Անդերսոնի, Գիշի Վիլիի, Քլինթ Մանսելի ստեղծագործությունները։ Քառյակը ստեղծվել է 1973 թվականի Սիեթլում։ Հիմնադիրն է Դևիդ Հարինգտոնը։ Մյուս անդամներն են Ջոն Շերբան ( ջութակ), Հանք Դաթը (ալտ), Սանի Յանգը (թավջութակ):

Ըստ երաժշտական քննադատների` «Քրոնոս» քառյակը լավագույն լարային քառյակն է, մեր ժամանակների մեծագույն երաժշտական կոլեկտիվներից մեկը։ Քառյակի ստեղծագործության հիմնական ուղղություններն են ակադեմիական ավանգարդը, XX դարի դասական երաժշտությունը, մինիմալիզմը, նոր ջազը, կոնցեպտուալ պերֆորմանսը, էթնիկ երաժշտությունը, ռոք և փոփ երաժշտության մշակումները։

24 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում քառյակը ձայնագրել է ավելի քան 30 ալբոմ, 1989թ.–ին «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Ժամանակակից երաժշտության լավագույն ստեղծագործության համար»։ -0-

«Քրոնոս» քառյակի համերգի փորձի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-