Երաժշտություն

Իր նոր տեսահոլովակում Քանյե Ուեսթը միավորել է դստեր և ռեփի հանդեպ ունեցած սերը, երգիչը նկարահանել է «Only One» երգի տեսահոլովակը` գլխավոր հերոսուհու դերում ներկայացնելով փոքրիկ Նորթին։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է Էլեն ԴեՋեներեսի շոուի ժամանակ, հաղորդում է Hellomagazine.com–ը։

Տեսահոլովակի սյուժեն պարզ է և հուզիչ։ Քանյեն ու դուստրը զբոսնում են մառախլապատ անտառով, իսկ երբ սկսում է անձրև տեղալ, հայրիկը Նորթին քնքշորեն ծածկում է գլխանոցով և տուն տանում։ Տեսահոլովակի հեղինակը ռեժիսոր Սփայք Ջոնսն է` հայտնի «Լինել Ջոն Մալկովիչ» և «Նա» ֆիլմերով, իսկ երգի դաշնակահարը Փոլ ՄաքՔարթնին է։ 

Ուեսթը պատմում է, որ ժամանակին իր մայրիկը` Դոնդան, իրեն «Only One» երգի նման մի երգ է երգել։ 2007թ.–ին նա մահացել է պլաստիկ վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով։ Հիմա «Only One» ստեղծագործությունը Քանյեի կնոջ` Քիմ Քարդաշյանի սիրելի երգն է։ «Մարդիկ հաճախ են ինձ հարցնում, թե Քանյեի երգերից ո՞րն է իմ ամենասիրելի երգը։ Դա «Only One» երգն է, որի միջոցով Քանյեն մեր դստերն է փոխանցում այն զգացմունքները, որոնք ժամանակին նվիրել է նրան մայրիկը։ Այս երգն ամեն անգամ լսելիս ես արտասվում եմ»։ 

Ուեսթը Էլեն ԴեՋեներեսին պատմել է, թե ինչ նշանակություն ունի իր համար ընտանիքը։ «Կնոջս և դստրիկիս շնորհիվ ես ամեն օր ավելի լավն եմ դառնում։ Անցյալում շատ սխալներ եմ գործել։ Սակայն հիմա գիտեմ, որ տանը սպասող ունեմ, սիրող ընտանիք ունեմ, որին պետք է պաշտպանեմ»։ -0-

https://www.youtube.com/watch?v=z_LcdIoJJKM