Երաժշտություն

Երևանում հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգն անպայման կկայանա մայիսի 23–ին, հայտատարել է Forpostart Production ընկերության մոսկովյան գրասենյակի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տոլստելևը, ով նաև համերգի կազմակերպիչն է։

Ալեգրովայի «На бис» համերգը պետք է կայանար մարտի 6–ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, համերգն այնուհետև տեղափոխվել էր ապրիլի 6–ին։ 

«Անձամբ ես եմ Իրինա Ալեքսադրովնային դիմավորել Երևանում։ Բայց համերգի օրը ժամը հինգից հետո նրա ինքնազգացողությունը վատացավ, ջերմությունը բարձրացել էր մինչև 39.5 աստիճան։ Մենք բժիշկների կանչեցինք, նրանք կաթիլային միացրին»,– ասել է Տոլստոլևը` բացատրելով այն պատճառները, որոնց հետևանքով համերգը հետաձգվել էր։ 

Նա նշել է, որ սկզբում համերգը հետաձգվել է մեկ ամսով, սակայն ելնելով բազմաթիվ օբյեկտիվ գործոններից՝ համերգը տեղափոխվել է մայիսի 23–ին: Պատճառներից մեկն այն է, որ ապրիլին Երևանում անցկացվելու են Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, մյուս պատճառը երգչուհու հյուրախաղերի խիտ ժամանակացույցն է։

Forpostart Production ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանն իր հերթին նշել է, որ անընդունելի է համարում այն մարդկանց վարքագիծը, ովքեր, նվեր ստանալով համերգի տոմսերը, փորձում են դրանք կամ վերադարձնել, կամ վաճառել։

«Եթե դուք ցանկանում եք վերադարձնել գնված տոմսը, ապա ձեզ անհրաժեշտ է գրել Ticketforpostart@mail.ru հասցեին, ինչից հետո կստուգվի, թե արդյո՞ք, տոմսը գնվել է, և դրանից հետո կնշանակվի որոշակի օր, երբ բոլոր ցանկացողները կկարողանան վերադարձնել տոմսերը ՄՀՀ–ի դրամարկղեր»,– ասաց Մխեյանը։ 

Նա միաժամանակ խնդրեց այդ հարցով չդիմել քաղաքի դրամարկղերին։ 

Հաշվի առնելով մամուլում տարածված լուրերն այն մասին, որ Ալեգրովան իբր ընդհանրապես չի եկել Երևան` ներկաներին ներկայացվել է հյուրանոցի տեղեկատվական թերթիկը երգչուհու բնակվելու և մեկնելու մասին։ 

Ալեգրովան ռուսական էստրադայի ամենավառ և սեքսուալ երգչուհիներից մեկն է։ Տարբեր տարիներին նա կատարել է այնպիսի երգեր, ինչպես «Հարսանեկան ծաղիկներ», «Ծննդյան օր», «Իմպերատրիցա», «Կրտսեր լեյտենանտ», «Չեմ հավատում», «Բարև, Անդրեյ», «Անավարտ սիրավեպ», «Օտարական», «Առևանգողը»։ -0-