Երաժշտություն

Ռուսական էստրադայի կայսրուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովան Երևանում բացառիկ երաժշտական ներկայացում ցուցադրեց, որի ընթացքում երգեց իր նոր երգերը, ինչպես նաև` հին հիթերը։ Նա չմոռացավ նաև բազմաթիվ անգամ սեր խոստովանել Հայաստանին և իր հավատարիմ հանդիսատեսին։ Ալեգրովան պարգևատրվեց նաև Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով` հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդման և էստրադային արվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար։

Երգչուհին, նախևառաջ, շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ թեև համերգը երկու անգամ հետաձգվել էր, այնուհանդերձ նրանք սպասել էին և եկել համերգին։

«Ես նույնպես մարդ եմ։ Ես նույնպես հիվանդանում եմ։ Խոնարհվում եմ հայ բժիշկների առջև, ովքեր բուժեցին ինձ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք, ինձ հետ, որ այսքան շատ եք։ Շնորհակալություն գնահատելու համար, շնորհակալություն, որ ինձ ձերն եք համարում»,– ասաց երգչուհին` ընդունելով մեդալը Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանից։

Ալեգրովան նաև պատմեց, թե ինչու է մինչև այժմ ելույթ ունենում, երբ դեռ 2012 թվականին հրաժեշտի հյուրախաղեր էր հայտարարել։

«Ինձ թվաց, որ պետք է ավարտել գեղեցիկ և ժամանակին, թվում էր` ամեն ինչի մասին ասել ու երգել եմ։ Ինձ շատ հանգամանքներ դուր չէին գալիս։ Այդպես ես շրջագայեցի Ռուսաստանի քաղաքներով և բնակավայրերով, որտեղ ես շրջել եմ երեք անգամ»,– ասել է նա։

Նրա խոսքով` հենց իր արվեստի երկրպագուներն ապացուցեցին իրեն, որ բեմը լքելու մասին որոշումը վաղաժամ էր։ Երգչուհին հրաշք է համարում երիտասարդ և տաղանդավոր կոմպոզիտորների և երաժշտության հեղինակների հետ համագործակցությունը, որոնց շնորհիվ իր արվեստը նոր ուղղություն է ստացել։

«Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ։ Ցավում եմ միայն, որ լուսահոգի հայրս ու մայրս չեն տեսնում դա»,– ասաց Ալեգրովան և մեր երկրին նվիրված երգ երգեց։ Նա հայտնեց, որ նոյեմբերի 3–ին նոր մենահամերգային ծրագրով ելույթ կունենա Մոսկվայում` «Օլիմպիյսկի» համերգասրահում։ Երգչուհին երևանյան հանդիսատեսի համար անակնկալ և նվեր մատուցեց, երբ որոշ հատվածներ երգեց իր նոր համերգային ծրագրից։

«Ես ինձ հաղթած կհամարեմ, եթե ձեզ դուր է գալիս իմ երաժշտության նոր ուղղությունը։ Ողջ կյանքիս ընթացքում կհիշեմ այս օրը, քանի որ իմ նոր ստեղծագործություններից յուրաքանչյուրը «5+»–ի քննություն է անցնում»,– խոստովանեց Ալեգրովան։

Եվ քանի որ հանդիսատեսը ցանկանում էր լսել նրա բոլոր հին երգերը, երգչուհին փոխզիջում առաջարկեց և երգեց մի երգ, որում տեղ էին գտել նրա գրեթե բոլոր հիթերի հայտնի արտահայտությունները։

«Եթե երգեմ բոլոր սիրված երգերը, մենք մի քանի օր այստեղ կմնանք»,– կատակեց երգչուհին։

Երաժշտական ներկայացման ավարտը չհիասթափեցրեց երգչուհու երկրպագուներին։ Երբ չդադարող ծափերը նրան կրկին բեմ բերեցին, նա մի քանի ռոմանտիկ երգեր երգեց և բոլորին սեր ու խաղաղություն մաղթեց։ Երգչուհին խոստացավ վերադառնալ Երևան։

Լուսանկարները կարելի է դիտել այստեղ։ -0-