Երաժշտություն

«Հովեր» պետական կամերային երգչախումբը 2015թ.–ի ընթացքում իր հյուրախաղերը կնվիրի 1915թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։ 

«Տարվա ընթացքում հյուրախաղեր են սպասվում Շտուտգարտում և Ֆրանսիայում։ Մարտին և ապրիլի սկզբին երգչախումբն ամբողջական կազմով հինգ համերգ կունենա Լեհաստանում, ելույթ կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու Բեթհովենի փառատոնին։ Մայիսին շատ կարևոր ելույթներ են նախատեսված Վաշինգտոնում, Նյու Յորքում», – ասաց Հովհաննիսյանը։ 

Մասնավորապես, «Քարնեգի հոլ» սրահում կկայանա «Քեզ հետ, Հայաստան» համերգը, որին աշխարհահռչակ երաժիշտներ կմասնակցեն։ Հենց այնտեղ «Հովեր» երգչախմբի կատարմամբ կհնչի Պենդերեցկու նոր ստեղծագործությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

«Մենք ելույթ կունենանք նաև Կաննում, որտեղ «Հովերը» մենահամերգ կունենա։ Հարկ է նշել, որ Կաննում այս տարի ելույթ կունենան նաև այլ հայկական համույթներ։ Մենք ելույթ կունենանք նաև Սլովենիայում և Իտալիայում, որտեղ երգչախումբը կմասնակցի փորձնական օպերային բեմադրությանը», – տեղեկացրեց Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով` «Հովեր» երգչախումբը կմասնակցի Շվեյցարիայում օգոստոսի 27–ին կայանալիք «Սիոն» հեղինակավոր փառատոնին, ինչը մեծ պատիվ է համույթի համար։ Երգչախմբի ելույթի նպատակն է ծանոթացնել հանդիսատեսին Հայաստանի մշակութային և երաժշտական ժառանգությանը։ «Այս տարի մենք նաև կմասնակցենք բրիտանացի ռեժիսոր Թոնի Փալմերի «Արամ Խաչատրյան» ֆիլմի երաժշտության ձայնագրման աշխատանքներին։ Նա ինքն է դիմել մեզ ֆիլմի համար Կոմիտասի ստեղծագործությունները ձայնագրելու խնդրանքով», – ասաց նա` պարզաբանելով, որ երաժշտական համույթն արդեն ունի երաժշտության ձայնագրման փորձ, մասնավորապես` «Արարատ», «Արտույտների ագարակ», «Թևանիկ» ֆիլմերի համար։ 

Հովհաննիսյանը նաև պատմեց, որ ընդամենը մի քանի օր առաջ «Հովեր» երգչախումբը վերադարձել է Նանտում, Տալինում և Սանկտ Պետերբուրգում անցկացված հյուրախաղերից։ 

«Հովեր» պետական կամերային երգչախմբի գլխավոր մենեջեր Արման Պադարյանն իր հերթին նշեց, որ «Հովեր» համույթը առաջինն է, որը Հայաստանի սահմաններից դուրս Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված առաքելություն է իրականացրել։ Յուրաքանչյուր համերգի ժամանակ բեմում տեղադրված է եղել «Հիշում եմ և պահանջում» գրառումով և անմոռուկով պաստառը (Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի խորհրդանիշը)։

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս առաքելությանը։ Մեզ համար շատ կարևոր է Նյու Յորքի «Կարնեգի հոլ»–ում նախատեսված համերգը, որտեղ առաջին բաժնում ելույթ կունենա Եվգենի Կիսինը, երկրորդումը` «Հովեր» երգչախումբը։ Համերգը տեղի կունենա մայիսի 26–ին», – ասաց Պադարյանը։

Նրա կարծիքով` «Հովերը» պարզապես մշակութային ֆենոմեն չէ։ Երգչախմբի համերգների շնորհիվ նաև քաղաքական խնդիրներ են լուծվում։

«Մշակութային միջոցառումների միջոցով մենք կարող ենք լուծել բազմաթիվ կարևոր խնդիրներ, որոնք կապված են ողջ աշխարհում մեր երկրի ունեցած քաղաքական կշռի հետ։ Դա շատ կարևոր է։ Պատահական չէ, որ մենք ելույթ կունենանք Վաշինգտոնում, ինչը որոշակի ուղերձ է։ ԱՄՆ–ի մշակութային մայրաքաղաքի «Կարնեգի հոլ»–ում նախատեսված համերգը մեծ պատասխանատվություն է մեզ համար», – ասաց Պադարյանը։

Արդեն երեք տարի է`«Հովեր» պետական կամերային երգչախմբի հովանավորն է Վիվասել–ՄՏՍ ընկերությունը։ -0-