Երաժշտություն

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 2015 թվականի համերգաշարն սկսեց խորհրդանշական ձևով` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում hունվարի 30-ին տեղի ունեցավ իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի համաշխարհային պրեմիերան: 

Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործության մենակատարը Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի շեփորահար Ռամի Օրենն էր, մի երաժիշտ, որի պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 

«ԱՌԿԱ Style»-ի հետ զրույցում իսրայելցի երաժիշտը խոստովանեց, որ հուզված է ու տխուր. «Սա իմ առաջին այցն է Հայաստան: Լինելով ցեղասպանություն վերապրած ազգի ներկայացուցիչ՝ ինձ համար շատ հուզիչ է ելույթ ունենալ ցեղասպանությանը նվիրված համերգին: Կարծում եմ՝ հանդիսատեսն էլ նկատեց. ելույթիս ժամանակ ես տխուր էի բեմում: Միաժամանակ ինձ համար մեծ պատիվ է նվագել ձեզ համար»: 

Իսրայելցի շեփորահարը հուսով է, որ «Սիփանա քաջեր» ստեղծագործությունը կկատարի նաև Իսրայելում: «Շատ կցանկանայի այս գործը կատարել նաև իմ երկրում, թեև դա ինձնից կախված չէ: Նվագախմբի մենեջմենթով զբաղվող մարդիկ կորոշեն՝ նվագե՞նք, թե՞ ոչ: Զրուցել եմ ՀՀ մշակույթի նախարարի հետ: Նա նշեց, որ հայկական երաժշտության համերգներ կլինեն Թելավիվում, ես նրան առաջարկեցի, որ այս ստեղծագործությունը ևս հնչի այնտեղ»: 

Թե ինչքանով կնպաստի այս համերգաշարը Իսրայելում ցեղասպանության ճանաչմանը, Ռամ Օրենը դժվարացավ ասել՝ «Դա քաղաքականություն է»,- ասաց նա: 

«Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմը իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը գրել է 10 տարի առաջ՝ 2005թ-ին ու նվիրել է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին:

«Արդյոք ստեղծագործությունը կկատարվի՞ նաև Իսրայելում»,- ԱՌԿԱ style-ի հարցին ի պատասխան` Նուբար Ասլանյանը պատասխանեց. «Ինչ-ինչ պատճառներով 2005-ին գրված կոնցերտ-պոեմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ վերջապես 10 տարի անց: Եթե հետո կրկին կատարեն այս գործը, ես ուրախ կլինեմ: Եթե այն նաև Իսրայելում կատարեն, կրկնակի ուրախ կլինեմ»:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում հնչեցին նաև Ալեքսեյ Կուրբատովի Դաշնամուրի երկրորդ կոնցերտը Դավիթ Մնացականյանի թեմաներով և Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան: -0-