Երաժշտություն

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ-Style/. Աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Հայաստանն իր համար սրբազան երկիր է։

Աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին սեպտեմբերի 29–ին ելույթ կունենա Երևանում` «Երևանյան հեռանկարներ» 14–րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Երաժիշտը ելույթ կունենա Խաչատրյանի անվան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

«Առաջին անգամ ես Հայաստանում եղել եմ ութ տարի առաջ և շատ եմ սիրել ձեր հողը, շատ հայ ընկերներ ունեմ ողջ աշխարհում։ Ձեր հողն ինձ համար սուրբ է, և ես շատ ուրախ կլինեմ ելույթ ունենալ ձեզ համար իմ ընկեր Կոնստանտին Օրբելյանի հետ», – շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` մաեստրոն տեղեկացրել է, որ իրեն միշտ ուրախացնում է Երևանի մաքրությունը, գեղեցկությունն ու արևոտությունը, «որը ջերմացնում է Մոսկվայի ցրտերից հետո»։

Խվորոստովսկին նաև նշել է, որ չնայած իր կատարած ստեղծագործությունների ժանրային բազմազանությանը` օպերային արիաներից մինչև պատերազմական տարիների երգեր ու ռոմանսներ, նա իրեն, առաջին հերթին, օպերային երգիչ է համարում։

Կիրակի Խվորստովսկին ելույթ կունենա Օրբելյանների երկու սերունդների հետ. համերգին կմասնակցի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հորեղբայրը` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար (1956թ.–ից մինչև 90–ականների սկիզբ) Կոնստանտին Օրբելյան-ավագը։