Երաժշտություն

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2015 թ.–ին համերգներ կունենա Լեհաստանում, Իսպանիայում և Ֆրանսիայում, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց Արթուր Պողոսյանը։

«Հայաստանի երիտասարդական նվագախումբը ոչ միայն ըստ արժանվույն ներկայացնում է հանրապետությունը, այլ նաև կատարում է կարևոր դիվանագիտական առաքելություն։ Այս համատեքստում շատ կարևոր էր Լիբանանում կազմակերպված «Ալ Բուստան» միջազգային փառատոնին նվագախմբի մասնակցությունը», – երեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Պողոսյանը։ 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն իր հերթին նշեց, որ փառատոնը դարձավ այն միջազգային հարթակը, որտեղ նվագախումբը կարողացավ արտահայտել այն, ինչ զգում է հայ ժողովուրդն այս կարևոր տարում։ 

«Խորհրդանշական է, որ Երիտասարդական նվագախմբին արդեն երկրորդ տարին անընդմեջ հրավիրում են փառատոնին` որպես պաշտոնական նվագախումբ, ինչը վկայում է նվագախմբի համաշխարհային մակարդակի մասին։ Մենք արդեն 2016 թ.–ին փառատոնին մասնակցելու հրավեր ենք ստացել», – ասաց Սմբատյանը։ 

Նրա կարծիքով` միջազգային փառատոններին Հայաստանի մասնակցության շնորհիվ Ցեղասպանության թեման ձեռք է բերում մեծ հնչեղություն։ 

Լիբանանում կազմակերպված «Ալ Բուստան» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները մեկնարկել են փետրվարի 26–ին Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայի կատարմամբ։ Երաժշտական համույթը փառատոնի շրջանակում կատարել է Մոցարտի, Չայկովսկու, Բեթհովենի և ուրիշ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Եզրափակիչ համերգը տեղի է ունեցել մարտի 10–ին` նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ 

Հայաստանի երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005 թ.–ի նոյեմբերին, 2008 թ.–ին պետական նվագախմբի կարգավիճակ է ստացել։ Նվագախմբի կազմում հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ և Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ։ -0-