Երաժշտություն

Հարավկորեացի ռեփեր Psy–ի Gangnam Style հոլովակը հավաքել է YouTube հաշվիչի համար նախատեսված առավելագույն թվով դիտումներ, այնպես որ մշակողները ստիպված են եղել փոփոխություններ կատարել ծրագրային կոդում, ասվում է Google+–ում YouTube–ի էջում։

Երբ հոլովակը դիտվել է 2 147 483 647 անգամ, հաշվիչը սկսել է սխալ թիվ ցույց տալ։ «Մենք երբեք չէինք մտածել, որ մեր կայքում ինչ–որ հոլովակ այսքան <…> անգամ կդիտեն, բայց պարզապես ծանոթ չէինք Psy–ի ստեղծագործություններին»,– ասել են YouTube–ի ներկայացուցիչները։

Gangnam Style–ն այսօր YouTube–ի և ամբողջ համացանցի ամենաճանաչված և դիտվող տեսահոլովակն է։ Այն ցանցում է հայտնվել 2012 թվականի հուլիսին, և դիտումների առաջին միլիարդը գրանցվել է մոտ յոթ ամիս անց։ Կես տարի անց էլ դիտումների քանակը անցել էր երկու միլիարդը, հայտնում է ՌՒԱ Նովոստին։ 

Դեկտեմբերի 3–ին 23։10–ին հաշվիչը ցույց էր տվել 2 152 681 105 դիտում։ Տեսահոսթինգն անիմացիա է ավելացրել, և մկնիկի սլաքը հաշվիչի վրա պահելու դեպքում երևում է հաշվիչի «կատաղի» աշխատանքը։ -0-