Երաժշտություն

Ամերիկացի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, 14 Գրեմմիի մրցանակակիր, 20-րդ դարի ամենաազդեցիկ ջազ երաժիշտներից մեկը՝ Հերբի Հենքոքը, նոյեմբերի 20-ին ելույթ ունեցավ Օպերայի և բալետի ազգային թատրոնում:

Հռչակավոր կոմպոզիտորն ու վիրտուոզ դաշնակահարը հերթական անգամ ապացուցեց իր կողմից առաջադրված թեորեմը, ըստ որի` ջազն այն է, ինչ տեղի է ունենում այս պահին: Մաեստրոն երկու ժամ շարունակ բեմում ապրում էր իր ստեղծագործությունների նոր կյանքը և ստեղծվող հրաշքին մասնակից դարձնում բոլոր ներկաներին: Հենքոքի խոստովանությամբ` իր ստեղծագործական կյանքի 50 տարիների ընթացքում նա ոչ մի անգամ նույն ձևով չի կատարել իր ամենահայտնի սինգլը` «Watermalon man»-ը: Եվ երևանյան երեկոն բացառություն չդարձավ:

«Առաջին անգամ եմ Հայաստանում, և դա հիանալի է: Երբ երիտասարդ էի, իսկ դա հիսուն տարի առաջ էր, շատ էի սպասում Հայաստանից հրավերի», — կատակեց Հենքոքը «Watermalon man» ստեղծագործության կատարումից առաջ:
Հնարավոր է, որ կոմպոզիտորի և դաշնակահարի, նրա թիմի անդամների, ինչպես նաև երաժշտության կախարդանքը նպաստեցին, որ երկու ժամն անցավ աննկատ: Սակայն երբ արտիստը հեռացավ բեմից, դահլիճի չդադարող ծափահարությունները ստիպեցին նրան վերադառնալ և կատարել ևս մի ստեղծագործություն:

Հերբերթ Հենքոքը ծնվել է 1940 թ.-ի ապրիլի 12-ին ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում: Հերբին հրաշամանուկ դաշնակահար էր, յոթ տարեկանում սկսել է երաժշտություն ուսանել: Հենքոքը 11 տարեկանում Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ նվագել է Մոցարտի դաշնամուրի թիվ 5 կոնցերտը: Նա մեծ հռչակ ձեռք բերեց 1973 թ.-ին, երբ նրա «Chameleon» հիթը դարձավ առաջին ջազային պլատինե ալբոմը: Հենքոքի երաժշտությունն իր մեջ զուգակցում է ռոքի և սոուլի տարրեր` ջազի ազատ տարրերի հետ միասին: Երաժիշտի ջազային իմպրովիզները ջազի, բլյուզի և ժամանակակից դասական երաժշտության բացառիկ խառնուրդ են:

Համերգի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ: -0-