Երաժշտություն

Ամերիկյան դատարանի դատավճռի համաձայն` Ֆարրելլ Ուիլյամսն ու Ռոբին Տիկը` «Blurred Lines» աղմկահարույց հիթի հեղինակները, խախտել են երգիչ Մարվին Գեյի հեղինակային իրավունքները և պարտավոր են նրա ընտանիքին վճարել 7,3 մլն դոլար` որպես վնասի փոխհատուցում, հաղորդում է Cosmo.ru–ն։

ԱՄՆ–ի շրջանային դատարանի ատենակալները որոշել են, որ «Blurred Lines» ստեղծագործությունը, որը Ուիլյամսն ու Տիկը թողարկել են երկու տարի առաջ, Մարվին Գեյի 1977թ.–ին թողարկված «Got To Give It Up» հիթի փոփոխված տարբերակն է։ 

Դատական լսումների ժամանակ Ուիլյամսը խոստովանել է, որ Մարվին Գեյի երաժշտությունը նրա մանկության կարևոր մասն է եղել, սակայն ավելացրել է, որ նա չի մտածել դրա մասին «Blurred Lines»–ը գրելու ժամանակ։ Իսկ Տիկը հայտարարել է, որ ընդհանրապես բավականին համեստ ներդրում է ունեցել ստեղծագործության ստեղծման գործում, որը Ֆարրելլը գրել է մոտավորապես մեկ ժամում։ 

Դատարանը վճռել է, որ «Blurred Lines» ստեղծագործությունը ստեղծողներին բերել է 16 մլն դոլարի եկամուտ` 5,6 մլն դոլար վաստակել է Տիկը, 5,2 մլն դոլար` Ուիլյամսը, իսկ մնացածը վաստակել են ձայնագրող ընկերությունները, որոնք ներքաշված չեն եղել դատական գործընթացում։ -0-