Երաժշտություն

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հայտարարել են, որ չեղյալ են հայտարարվել մրցույթի մասնակից երկու երկրների` Չեռնոգորիայի և Մակեդոնիայի ժյուրիի քվեարկության արդյունքները, հաղորդում է Bbc.co.uk-ն։

Համապատասխան որոշումն ընդունվել է PwC ընկերության հետ խորհրդակցելուց հետո, որն իրականացնում է ձայների հաշվարկի գործընթացի անկախ դիտարկում։

«Երկու երկրներում էլ հեռուստադիտողների քվեարկության արդյունքներն ընդունվել են 100%-ով», — ասված է Եվրոպական հեռարձակողների միության հաղորդագրությունում, որը հրապարակվել է մրցույթի կայքում կիրակի գիշերը։ 

2009 թվականից մրցույթում հանդիսատեսից բացի քվեարկում է նաև պրոֆեսիոնալ ժյուրին` հնգական մարդ յուրաքանչյուր երկրից։ Վերջնական գնահատականը ձևավորվում է 50% ժյուրիի կարծիքից և 50% հեռուստադիտողների կարծիքից։ 

Մրցույթում շվեդ երգիչ Մոնս Զելմերլևի հաղթանակի վրա Չեռնոգորիայի և Մակեդոնիայի  ժյուրիի քվեարկության արդյունքները չհաշվելու որոշումը չի անդրադառնա, քանի որ երկրորդ տեղի նկատմամբ նրա տարբերությունը 62 միավոր է։

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը 16–րդ տեղն է զբաղեցրել «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում` հավաքելով 34 միավոր։

Մրցույթում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլևը Heroes‬ երգով։ Երկրորդ տեղում ռուս Պոլինա Գագարինան է, երրորդը` իտալական Il Volo խումբը։ 

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։

Հայաստանը մասնակցում է մրցույթին 2006 թվականից։ Լավագույն արդյունքներն են` չորրորդ տեղը, որը զբաղեցրեցին Սիրուշոն 2008 թվականին և Արամ MP3–ը (Արամ Սարգսյան) 2014 թվականին։ -0-