Երաժշտություն

Մայիսի 15–ից վաճառքում կլինի Կոնչիտա Վուրստ բեմական կեղծանունով հանդես եկող երգչի` «Եվրատեսիլ 2014»–ի հաղթող Թոմաս Նոյվիրտի առաջին ալբոմը, ուրբաթ տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար Մարկո Շրոյդերը, հաղորդում է Ria.ru–ն։ 

«Կոնչիտա» անվանումը կրող ձայնասկավառակում տարբեր ժանրերի երգեր են ներառվել` բալլադից մինչև պարային մեղեդիներ, սվինգից մինչև փոփ ոճի ստեղծագործություններ։ «Rise Like A Phoenix», «Heroes» և «You Are Unstoppable» հայտնի հիթերի հետ մեկտեղ ալբոմում են ներառվել նաև այլ ստեղծագործություններ, ինչպես արևելյան ոճի, այնպես էլ` փողային և հարվածային գործիքների օգտագործմամբ, նշվում է հաղորդագրության մեջ։ 

«Այս ալբոմը շատ թանկ է ինձ համար, քանի որ իմ առաջին ալբոմն է, հետևաբար շատ եմ հուզվում», – հաղորդագրության մեջ նշված է արտիստի խոսքը։ 
«Առաջին հերթին ցանկանում եմ այս ալբոմը նվիրել իմ երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ ողջ տարվա ընթացքում, և հուսով եմ, որ այն դուր կգա նրանց այնպես, ինչպես ինձ»,– ավելացրել է Կոնչիտա Վուրստը։ 

Մայիսի 7–ին լույս կտեսնի նրա «Լինել Կոնչիտա» (Being Conchita) գրքի անգլերեն տարբերակը։ Ավելի ուշ կհրատարակվեն նաև գրքի ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն տարբերակները։ -0-