Երաժշտություն

Նախօրեին Երևանում կայացավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը` հռչակավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։ Սա հայտնի նվագախմբի` Երևանում նախատեսված երեք համերգներից երկրորդն էր։ Համերգաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ 

Հանդիսատեսը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն էր եկել երաժիշտների` բեմ դուրս գալուց շատ առաջ, և երբ մաեստրո Սպիվակովը` ժպիտը դեմքին, ողջունեց հավաքվածներին, համերգասրահն արդեն լեփ–լեցուն էր։ Մարդիկ նստած էին բեմի երկու կողմում դրված լրացուցիչ աթոռներին, աստիճաններին, անգամ կանգնած էին նստարանների շարքերի արանքում։ 

Նվագախումբը հատվածներ նվագեց Մոցարտի, Բելինիի, Դոնիցետիի, Պուչինիի օպերաներից, սակայն երաժշտական երեկոն, անկասկած, անմոռանալի դարձավ Վերդիի անմահ երաժշտության շնորհիվ։ Սպիվակովը արդարացրեց երախտապարտ հայ հանդիսատեսի ակնկալիքները։ Յուրաքանչյուր երաժշտական ստեղծագործության կատարումից հետո օպերային թատրոնի կամարները թնդում էին բուռն ծափահարություններից։ 

Սպիվակովը հայ հանդիսատեսի համար անգամ ջութակ նվագեց` սոլո կատարում ներկայացնելով Մոցարտի «Հովիվ–արքա» օպերայից, իսկ Ամինտայի արիան երգեց Թաթարստանի ժողովրդական արտիստ և բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ալբինա Շահիմուրատովան։ Մաեստրոյի ջութակին ուղեկցում էր աստվածային սոպրանոն, ջնջում իրականության եզրերը, ունկնդրին տանում Մոցարտի անիրական և կախարդական աշխարհ։ 

Համերգի ծրագիրն ավարտվեց Վիոլետայի և Ալֆրեդի դուետով (Վերդի, «Տրավիատա»), որը կատարեցին Շահիմուրատովան և բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր, «Նոր օպերա» թատրոնի մեներգիչ Ալեքսեյ Նեկլյուդովը։ 

Բնական է, որ նման երաժշտական երեկոյից հետո երախտապարտ ունկնդիրը երկար ժամանակ բաց չէր թողնելու մաեստրոյին ու երաժիշտներին և անդադար ծափողջյուններով նրանց կրկին բեմ էր հրավիրելու։ 

Սպիվակովը ղեկավարում էր երաժիշտներին, և թվում էր` նրա դիրիժորական փայտիկին ենթարկվում են նաև ունկնդիրները, քանի որ փայտիկի վերջին թափահարման ժամանակ նվագախումբը «քարանում էր», իսկ հանդիսատեսը պոռթկում էր անկեղծ երախտագիտությունից։ 

Նվագախումբը հանդիսատեսի խնդրանքով կատարեց երեք ստեղծագործություն, որոնց թվում էր նաև Պա–դե–դե–ն` Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետից։ Իսկ վերջում մաեստրոն անակնկալ մատուցեց երևանցիներին։ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիանալի կատարեց Արամ Խաչատրյանի «Լեզգինկան»` «Գայանե» բալետից։ 

Հինգշաբթի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ, վերջին երևանյան ելույթը կունենա։ Հանդիսատեսին կներկայացվի Չապլինի ժամը`  «Մեծ քաղաքի լույսերը» մուլտիմեդիոն նախագիծը։ Համերգներն անցկացվում են «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» փառատոնի շրջանակում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-