Երաժշտություն

Հայտնի կոմպոզիտոր, «Էմմի» մրցանակի դափնեկիր, Ցեղասպանությունը վերապրած Գուրգեն և Մալվին Խանջյանների թոռը` Դենիզ Ջենտիլինին, «Ես ողջ եմ» («I Am Alive») մյուզիքլի հեղինակն է, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ 

«Եթե դու ողջ մնացածների սերունդն ես, անգամ եթե ծանոթ չես բոլոր մանրամասներին, ապա տարբերվում ես մյուսներից։ Իմ պապը` Գուրգենը, որբացել է ութ տարեկանում։ Նրա ծնողները մահացել են, իսկ նա փրկվել է «մահվան երթի» ժամանակ, քանի որ ինչ–որ թուրք խղճացել է նրան և տեղափոխել որբանոց», – ասել է Ջենտիլինին KDVR-TV FOX Denver հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ 

Նա պատմել է նաև Մալվին տատիկի ճակատագրի մասին, ով կորցնելով ընտանիքին` տեղափոխվել է Հունաստանում գտնվող փախստականների ճամբար, որտեղ էլ հանդիպել է Գուրգենին։ Նրանք ամուսնացել են, երբ Մալվինը եղել է 14, իսկ Գուրգենը 19 տարեկան, միասին ապրել են գրեթե 75 տարի։ 

«Թեև այս պատմությունը ես վաղուց գիտեի, այնուհանդերձ ես ընտրեցի հենց 2015 թվականը, որպեսզի ներկայացնեմ այն, ինչի միջով է անցել իմ ընտանիքը։ Ապրիլին կնշվի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը, և ես ցանկացա պատմել այս պատմությունը», – նշել է Ջենտիլինին։

Խոսքերի հեղինակ Լիզա Նեմցոյի հետ նա ստեղծել է «Ես ողջ եմ» դրամատիկ մյուզիքլը, որտեղ ներկայացրել է իր տատիկի և պապիկի սիրո պատմությունը, որը վկայում է հայերի ոճի և տոկունության մասին։

«Այս թեմայով ստեղծվել են պիեսներ և ֆիլմեր, սակայն ես երբեք չեմ լսել մյուզիքլի մասին։ Հավատում եմ, որ երաժշտությունն այն ունիվերսալ լեզուն է, որը կհետաքրքրի անգամ նրանց, ովքեր ծանոթ չեն Ցեղասպանության պատմությանը», – ասել է նա։ 

«Ես միշտ գիտեի, թե ինչի միջով են անցել իմ պապիկն ու տատիկը… Դա ստիպում է ինձ ակտիվ դիրքորոշում զբաղեցնել, որպեսզի համրերի ձայնը լսելի դառնա», – ասել է կոմպոզիտորը հեռուստաալիքի հանդիսատեսին։ -0-