Երաժշտություն

Համաշխարհային հռչակ վայելող  ռուս դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը տեղի կունենա ապրիլի 2-ին Երևանի Օպերայի և բալետի ազգային թատրոնում «Երևանյան հեռանկարներ» XVI միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, «ԱՌԿԱ Style»-ին հայտնեց փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։ 

Դաշնակահարը կկատարի Լյուդվիգ Վան Բեթհովենի N 21 սոնատը, Պրոկոֆևի N 4 սոնատը. Շոպենի նակտյուրնները և մազուրկաները, Լիստի  «Ռակոցի-մարշը»։

«Եվգենի Կիսինը մեր երկրի և փառատոնի լավագույն ընկերն է։ Նա մեկնելու ժամանակ խոստացավ, որ մի քանի տարի հետո կրկին կվերադառնա այստեղ: Երևանում հնչելիք ստեղծագործությունները այս տարի նա նվագում է աշխարհի ամենամեծ բեմերում»,- ասաց Հովհաննիսյանը:

Փառատոնի շրջանակում նախատեսված բոլոր համերգներն այս տարի նվիրվում են Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ 

Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թ–ին Մոսկվայում։ Երաժշտի առաջին դեբյուտը տեղի է ունեցել տասը տարեկանում։ Կիսինը ելույթ է ունեցել ամենահայտնի նվագախմբերի հետ, նա հեղինակավոր երաժշտական մրցանակների դափնեկիր է։

1988 թ.–ի դեկտեմբերից, երբ Հայաստանում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, Կիսինը բազմիցս կազմակերպել  է բարեգործական ակցիաներ` օգնելով հանրապետության տուժած շրջանների բնակիչներին։ Մասնավորապես, 1989 թ.–ին դաշնակահարը համերգ է ունեցել Ճապոնիայում, որտեղ մեկ երեկոյի ընթացքում հավաքել է մոտ մեկ միլիոն ճապոնական իեն, որն այնուհետև փոխանցվել է «Հայ մանուկներ» բարեգործական հիմնադրամին, իսկ 2002 թ.–ին Կիսինը 5 հազար դոլար է ուղարկել երեխաներին, որոնք ավերիչ երկրաշարժի հետևանքով ծնողազուրկ են դարձել։ -0-