Երաժշտություն

Կարծիք կա, թե «հանճարների երեխաների դեպքում բնությունը հանգստանում է»։ Սակայն ջազի սիրահարները, որոնք կիրակի երեկոյան հավաքվել էին Yans երաժշտական ակումբում, անշուշտ, չեն համաձայնվի այդ պնդման հետ։ Եվ դա բնական է, քանի որ նրանք լեգենդար Լուի Արմսթրոնգի թոռան` Չարլի Արմսթրոնգի երևանյան առաջին և միակ համերգին ներկա լինելու հնարավորություն էին ստացել։  

Չարլին սկսել է երգել 4 տարեկանից, իսկ պրոֆեսիոնալ վոկալային կարիերան սկսել է 12 տարեկանում։ Նրա անունը պաշտամունքային է դարձել Հոլանդիայի և Բելգիայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ակումբներում ներդրած էներգիայի, նախորդ հարյուրամյակի լավագույն հիթերի հիասքանչ վերարտադրության, սեփական երգերի ստեղծման շնորհիվ։ Հայտնի կոմպոզիտորը, երգիչը և պրոդյուսերը, Նիցայում, Կաննում, Սան Տրոպեում և Մոնակոյում առաջին մեծության աստղը երգում է բլյուզ, ջազ և ֆանկ ոճերում։ Ձայնային լայն դիապազոնի և հանդիսատեսի հետ հաղորդակցվելու շնորհիվ նրան հաջողվում է բարձր տրամադրություն ստեղծել համերգների ժամանակ։ Եվ այս առումով Երևանը նույնպես բացառություն չէր։ 

«Ինձ շատ հաճելի է երգել այստեղ։ Ես եկել եմ այստեղ սեփական ծագումը, արմատները հիշելու համար։ Այստեղ եմ իմ պապի շնորհիվ», – այսպես է դիմավորեց երևանցի ունկնդիրներին Չարլի Արմսթրոնգը, երբ անդադար ծափերի ներքո հավաքվածներին ողջունեց What a Wonderful World լեգենդար հիթի կատարմամբ։

Չարլին բեմ դուրս գալու առաջին իսկ պահից զգաց իր հանդիսատեսին։ Շփումն ամբողջական էր։ Տպավորություն էր ստեղծվել, թե սրահում հավաքվել են երկար բաժանումից հետո վերստին հանդիպած վաղեմի ընկերները։ Արմսթրոնգը քայլում էր սեղանների կողքով, նստում բեմի ծայրին, ողջունում պատշգամբում հավաքվածներին, անգամ խորհուրդ էր հարցնում այս կամ այն երգի կատարման հարցում։ Նա խոսում էր կյանքի, նախնիների հիշողության, կնոջ նկատմամբ հարգանքի մասին։ 

«Ուզում եմ, որ դուք երբեք չափսոսաք կատարածի համար, ափսոսանքի է արժանի միայն այն, ինչ չեք արել։ Եվ միշտ հիշեք, որ մենք բոլորս պարտական ենք մեր նախնիներին, չէ՞ որ հենց նրանց շնորհիվ է, որ մենք այսօր հավաքվել ենք։ Եվ որտեղ էլ լինենք, նրանք միշտ մեր կողքին են», – ասաց երգիչը` պատասխանելով բուռն ծափահարություններին։

Եվ իսկապես։ Թվում էր, թե մեծն Լուիի հոգին թևածում է ներկաների գլխավերևում։ Չարլին ծանոթ խռպոտ ձայնով կատարում էր անմահ հիթերը` Summertime, Hello Dolly, Go Down Moses։ Հանդիսատեսը չէր կարողանում նստած մնալ։ Կանայք պարում էին, տղամարդիկ ձեռքով խփում սեղաններին` պահելով ռիթմը, երեխաները հիացած նայում էին բեմին։ Եվ Չարլիին անչափ դուր էր գալիս այս ոգևորությունը։ «Դուք լիցքավորում եք ինձ անհավանական էներգիայով։ Եթե այսպես շարունակվի, ես մինչև մահ կերգեմ ձեզ համար», – և նրան հավատում էին։

Հերթական երգը կատարելուց առաջ Արմսթրոնգը խնդրեց սրահում գտնվող բոլոր տղամարդկանց ոտքի կանգնել։ «Սա հրաման է։ Եթե ձեզնից որևէ մեկը նստած մնա, ես միանգամից կշրջվեմ և կգնամ», – սպառնաց նա։ Եվ բոլորի համար պարզ դարձավ, որ այս «սպառնալիքին» հաջորդելու է This is a man’s world–ը։ Երգիչը չանտեսեց նաև կանանց։ «Տատս ինձ ասում էր` տղաս, հիշի′ր, երբ կյանքումդ կին հայտնվի, դու պետք է, առաջին հերթին, հարգես նրան և, իհարկե, սիրես»», – ասաց նա և կատարեց բլյուզային մի ստեղծագործություն` ծնկի գալով կանանց առաջ։ 

Արմսթրոնգի բոլոր կատարումները լի էին Երևանի նկատմամբ սիրով։ Երգչին դուր էր եկել մեր քաղաքը, և այնքան էր դուր եկել, որ նա անդադար խոսում էր այդ մասին, սեր խոստովանում Երևանին և նրա բնակիչներին։ «Սիրում եմ ձեզ», – ասաց նա հայերեն և խոստացավ հայերեն սովորել։ «Երեք տարի հետո դուք ինձ հայկական անձնագիր կտաք, քանի որ ես հայերեն կխոսեմ», – վստահաբար ասաց նա։ 

Արմսթրոնգը ցանկանում է վերադառնալ Երևան, քանի որ մտադիր է այստեղ ևս մի համերգ տալ և անգամ տեսահոլովակ նկարահանել ։ «Երևանն ինձ գերել է։ Զգացմունքներս խեղդում են, և ես կարող եմ նկարագրել դրանք միայն երկու բառով` «Երևան ջան»», – խոստովանեց նա։ Եվ զարմանալի չի լինի, եթե մեր քաղաքը փոխադարձ պատասխան տա։ -0-