Երաժշտություն

Առաջիկա տոներին ընդառաջ «ԱՌԿԱ Style»–ը որոշել է իր ընթերցողներին անակնկալ մատուցել։ Դրանք հիթ դարձած ութ երգերն են, առանց որոնց, ըստ «ԱՌԿԱ Style»–ի, այսօր անհնար է պատկերացնել Նոր տարին ու Սուրբ ծնունդը։

Happy New Year
 
«ABBA» շվեդական քառյակի անմահ հիթը գրվել է 1980թ.–ին և այսօր էլ տոնական օրերին հնչում է հեռուստատեսությամբ ու ռադիոյով։ Թեև շատերի համար երգը լուսավոր է և ուրախ, այնուհանդերձ քչերը գիտեն, որ այս երգում այսպիսի տողեր կան.

Քայլում ենք կավե ոտքերով գորշ առօրյայի միջով
Ու չենք էլ կասկածում, որ ճամփից ենք շեղվել,  
Շարունակում ենք քայլել…
Թող մեր կյանքը լցվի հույսով և ձգտումով,
Առանց դրանց ավելի լավ է մեռնել….

www.youtube.com/watch?v=3Uo0JAUWijM

 

Last Christmas

Սա ժամանակակից փոփ մշակույթի ամենահայտնի անգլիալեզու ստեղծագործություններից է։ Ջորջ Մայքլի և «WHAM» խմբի երգն արդեն ուղիղ 30 տարի է տարբեր հիթ–շքերթների առաջատար դիրքում է։ Երգի հանրաճանաչության վկայությունն է ստեղծագործության տարբեր cover տարբերակների առկայությունը, որոնց թիվը հասնում է 90–ի։ Այս հիթը ներկայացրել են տարբեր կատարողներ, որոնց թվում են «Coldplay» լեգենդար բրիտանական խումբը, «Savage Garden» ավստրալական դուետը, Դալիդան, Ռոմին Փաուերը, «Gregorians» գերմանական համույթը և անգամ «Ստրելկի» ռուսական խումբը։

2006թ.–ին առավել հայտնի էր Crazy Frog անիմացիոն գորտի cover տարբերակը։ Սակայն Ամանորի առանձնահատուկ շունչը փոխանցում է Ջորջ Մայքլի ինքնատիպ տարբերակը, որից ստացված հասույթն ամբողջովին փոխանցվել էր Եթովպիայի հիմնադրամին` որպես լավագույն նվեր նրանց կարիքների համար։

www.youtube.com/watch?v=E8gmARGvPlI

 

All I Want For Christmas Is You

2010թ.–ին Մեծ Բրիտանիայում հարցում անցկացվեց, որի արդյունքում «All I Want for Christmas Is You» ստեղծագործությունը ճանաչվեց Ամանորի ամենահայտնի երգը։ 

2013թ.–ին երգն արժանացել է ավելի քան 50 մլն հեղինակային հոնորարների և գովասանքի ամենաազդեցիկ ու անգամ չափազանց պահպանողական երաժշտական հրատարակությունների կողմից, քանի որ Մրայա Քերիի երգը կատարյալ են համարել ոչ միայն երաժշտական կատարմամբ, այլ նաև նշվել է, որ այն համապատասխանում է տոնական երգերի դասական կանոններին։ Ստեղծագործության մեջ կա ամեն ինչ` և՛ զրնգուն զանգակներ, և՛ քաղցրահունչ տեմպ, և՛ Ամանորն ազդարարող տոնի մթնոլորտ, որը փոխանցվում է Քերիի հինգօկտավանի վոկալի ողջ ջերմության և քնքշության միջոցով։ 

www.youtube.com/watch?v=yXQViqx6GMY

 

Let It Snow! Let It Snow! Let It Snow!

Հետաքրքրական է այն փաստը, որ Ամանորի ամենահայտնի երգերից մեկը, որն ամբողջովին փոխանցում է ձմեռային հեքիաթի կոլորիտն ու մթնոլորտը, իրականում գրվել է Կալիֆոռնիայում արևադարձային հուլիսյան մի օր, 70 տարի առաջ։

Խոսքի հեղինակ Սեմի Քանն ու կոմպոզիտոր Ժյուլ Սթայնը, հոգնելով կիզիչ արևից և տոթ եղանակից, սկսել են ցուրտ պատկերացնել, և «Թող, որ ձյուն տեղա» երգի անվանումն այդ պահին ծնվել է ինքնաբերաբար։ 70 տարվա ընթացքում երգը հնչել է մի քանի հարյուր կատարողների երգացանկում, որոնց թվում են Ֆրենկ Սինատրան, Էլլա Ֆիջերալդը, Դին Մարտինը, Օսկար Փիթերսենը, Մայքլ Բոլթոնը, Քայլի Մինոուգը և շատ ուրիշներ։ Հատկանշական է այն փաստը, որ երգը համարվում է տոնական և ներառված է Ամանորի թեմայով թողարկված գրեթե բոլոր հավաքածուներում, թեև երգում տոնի մասին որևէ բառ չկա։ 

www.youtube.com/watch?v=mN7LW0Y00kE

 

We Wish You a Merry Christmas

16–րդ դարում Թյուդորների օրոք միջնադարյան Անգլիայում հիանալի մի ավանդույթ կար. ճրագալույցին Բրիտանիայի բարձրաշխարհիկ հասարակությունը նվերներ էր բաժանում քրիստոնեական երգչախմբերին, որոնց երգերում փառաբանվում էր Փրկիչը։ Ամենահայտնի անգլիական օրհներգը, որն անցել է ժամանակի բազմադարյա թոհուբոհի միջով, «We Wish You a Merry Christmas» երգն է։ 

Այն արևմտյան մշակույթի այն եզակի ավանդական երգերից է, որտեղ շնորհավորում են ոչ միայն Սուրբ ծնունդի, այլ նաև Ամանորի կապակցությամբ։ Տոնական ավանդույթներից շատերը վերացել են, սակայն երգը մնացել է։ Ու թեև հիմա այդ երգի կատարման համար ընդունված չէ նվերներ տալ, այնուհանդերձ տոների նախաշեմին երգը շարունակում է դյութել և ջերմացնել մարդկանց հոգիները։

www.youtube.com/watch?v=dSJ4EWeHyE4

 

Feliz Navidad

Feliz Navidad–ն Ամանորի ամենահայտնի մաղթանք–երգն է իսպաներեն լեզվով, որը ծնունդ է առել 1970 թվականին պուերտոռիկացի երգիչ Խոսե Ֆելիսիանոյի կատարմամբ։ Չնայած լատինաամերիկյան և իսպանալեզու աշխարհում ունեցած մեծ ճանաչմանը` ժամանակի ընթացքում կոմպոզիցիան համաշխարհային ճանաչում է ստացել Boney M–ի, Մայքլ Բուբլեի և նույնիսկ Երեք Տենորների քավեր–տարբերակի շնորհիվ։ 

Պատմությունը ցույց է տվել, որ այդ երգն Ամանորի միջմշակութային կամուրջ է դարձել ամենատարբեր քաղաքակրթությունների միջև` երկլեզու երգ–բարեմաղթանքը դարձել է ամենաճանաչվածը լատինաամերիկյան տոնական եթերների պատմության մեջ։ Եվ եթե նույնիսկ հենց Ֆելիսիանոյին շատերը չեն ճանաչում` Նոր տարվա նրա օրհներգը երգում է ողջ աշխարհը։ 

www.youtube.com/watch?v=z-wT3HXS_sA

 

В лесу родилась Елочка
(Անտառում մի տոնածառ ծնվեց)

1905 թվականին գրադարանավարուհի Ռաիսա Կուդաշևան ազատ ժամանակ զբաղվում էր երեխաների համար բանաստեղծություններ, հեքիաթներ, երգեր հորինելով։ «Տոնածառ» բանաստեղծությունը նա գրել է 1903 թվականին, այն հրապարակվել է «Մանկիկ» մանկական ամսագրի սուրբծննդյան համարում։

1905 թվականին այդ խոսքերի համար երաժշտություն է գրել սիրողական կոմպոզիտոր, գյուղատնտես Լեոնիդ Բեկմանը և նոր երգը նվիրել իր դստերը։ Քանի որ նա նոտագրություն չգիտեր, երգի նոտաները գրել է նրա կինը` Ելենա Բեկման–Շչերբինան։ Հենց նրանց ջանքերով էլ հայտնվել է հիթը, որը պետք է ապագայում ամենահայտնի տոնական երգը դառնար երբևէ գրված ռուսերեն երգերի ցանկում։ 
 

 

Jingle Bells

Բոլոր ժամանակների ամենաճանաչված ամերիկյան տոնական երգը, որը 1857 թվականին գրել է անգլիացի կոմպոզիտոր–երգահան Ջեյմս Լորդ Պյեմոնտը։ Մեկուկես դարի ընթացքում Jingle Bells երգը, թերևս, Սուրբ ծնունդի որոշակի հոմանիշ է դարձել։ 20–րդ դարում երգի առաջին ձայնագրություններից մեկը Բինգ Քրոսբիի կատարմամբ դասական է դարձել, և հեռավոր 50–ականներին արդեն ավելի քան մեկ միլիոն կրկնօրինակ է վաճառվել։

Կոմպոզիցիան կատարել և ձայնագրել են այնպիսի արտիստներ, ինչպիսին են` Էլվիս Պրեսլին, Բիթլզ խումբը, Դյուկ Էլինգտոնը, Էլլա Ֆիդջերալդը, Ֆրենկ Սինատրան, Լուչիանո Պավարոտին և հարյուրավոր մարդիկ Երկիր մոլորակում… Այո, հենց մոլորակում, քանի որ «ծնգծնգացող զանգակների» պատմության մեջ եղել է նաև Տիեզերքում կատարելու բացառիկ փաստը։ 1965 թվականի դեկտեմբերի 16–ին «Ջեմինի 6» տիեզերանավի տիեզերագնացները կատարել են Jingle Bells երգը հենց Տիեզերքում։

Երգը հիրավի կարելի է Սուրբ ծնունդի և Նոր տարվա համատիեզերական օրհներգ անվանել։ -0-

www.youtube.com/watch?v=Yu8gWuswV_E

 

Կարեն Ավետիսյան՝ հատուկ «ԱՌԿԱ Style»-ի համար