Երաժշտություն

Հայտնի ռուս երգիչ Անտոն Բելյաևը լրագրողներին ասել է, որ իր երևանյան համերգային ծրագիրը կատարել է ունկնդիրների հետ։

Առաջին ալիքի «Գոլոս» նախագծի կիսաեզրափակչի մասնակից, ռուս երաժիշտ, Therr Maitz ինդի–խմբի հիմնադիր և մենակատար Անտոն Բելյաևը մայիսի տասին իր խմբով ելույթ է ունեցել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 

«Ինձ դուր է եկել այն ամենը, ինչ կատարվել է դահլիճում, թեև մի փոքր բարդ էր, քանի որ մի քիչ հիվանդ էի, և խիղճս տանջում էր, որ չկարողացա լիարժեք տրվել` վախենալով ֆիզիկական ռեսուրսի պակասից։ Բայց, այնուամենայնիվ, դահլիճը հիասքանչ էր, և համերգային ծրագրի կեսն իմ փոխարեն կատարեց հանդիսատեսը»,– խոստովանեց երգիչը։

Նա նշեց, որ համերգներից առաջ միշտ լի է դրական սպասելիքներով` ցանկանալով հասնել առավելագույն արդյունքի, և Երևանի ելույթը, կարելի է ասել, մոտեցրեց նրան այդ նպատակին։ 

«Մենք երբեք 100 տոկոսով գոհ չենք լինում մեր ելույթից, և համերգից մեկ ժամ անց մռայլ դեմքերով մենք քննարկում ենք, թե ինչն էր թերի, ինչը չստացվեց։ Աշխատանքը սեփական անձի հետ մշտական է, քանի որ մենք համեմատաբար վերջերս ենք սկսել ելույթ ունենալ»,– ավելացրեց հայտնի երգիչը։ 

Ըստ նրա, քանի որ նա աշխատում է երաժշտական այլ ուղղությամբ զբաղվող խմբի ներսում, որոշվել էր հանդես գալ երկու ծրագրերով` ակուստիկ և էլեկտրոնային։ 

«Երբ մենք առաջին անգամ ենք գալիս այս կամ այն երկիր, հանդիսատեսի մեծ մասն ինձ ճանաչում է հենց «Գոլոս» նախագծով, և համապատասխանաբար, հեռուստաշոուի ինչ–որ կրկնություններ է սպասում։ Հենց այդ պատճառով մենք ելույթ ենք ունենում ակուստիկ համերգով, որին ավելի սերտ շփում է ւնկնդիրների հետ, իսկ երկրորդ անգամ գալով` մենք հիմնականում նվագում ենք մեր երաժշտությունը` ծանոթ երգերի ոչ մեծ «հղումներով»»,– ավելացրեց Բելյաևը։

Երգիչը նշեց, որ խումբն արդեն հասցրել է ճանաչում վայելել և աշխատում է բավականին սերտ համերգային ժամանակացույցով։ 

Therr Maitz–ը ռուսական ինդի խումբ է, որը հիմնել է Անտոն Բելյաևը 2004 թվականին։ Խումբն իր ստեղծագործությունում միախառնում է տարբեր ոճեր (թրիփ–հոփ, acid jazz, breakbeat, house, disco, funk, pop)։ -0-