Երաժշտություն

Նախօրեին Yans Music Hall–ում բլյուզի թեժ երեկո էր։ Ամերիկացի հայտնի բլյուզմեն, շրթհարմոնահար Հարրի Լին և նրա BACK ALLEY բլյուզ–բենդի ռիթմային ծրագիրը ստիպեց պարել երեկոյի գրեթե բոլոր հյուրերին։ 

Մինչև համերգի սկիզբը երաժիշտը Հայաստան կատարած իր առաջին այցից ստացած տպավորությունների մասին խոսեց «ԱՌԿԱ Style»–ի հետ։ «Շատ տպավորված եմ։ Առաջին անգամ եմ այստեղ և կարող եմ ասել, որ ձեր երկիրն իսկապես լավագույն վայրերից է, որտեղ ես երբևէ եղել եմ»,– խոստովանեց երաժիշտը։ 

Լին հիացմունքով խոսեց հայ ժողովրդի բարեհոգության մասին։ 

«Այստեղ մարդիկ շատ բարի են, բարի տրամադրված, միշտ ցանկանում են օգնել և ծառայություն մատուցել։ Իսկապես դա ինձ շատ է դուր եկել։ Միանգամից ասեմ, որ եթե ինձ կրկին հրավիրեն Հայաստան, ուրախությամբ կգամ»,– ասաց բլյուզմենը։ 

Այն հարցին, թե որ երկրի հետ կարելի է համեմատել Հայաստանը, Լին պատասխանեց` Ռուսաստանի։ 

«Անցյալ տարի ես եղել եմ Ռուսաստանում, և այնտեղ մարդիկ նույնպես շատ բարի են»,– ասաց Լին։ 

Համերգից առաջ երաժիշտը որոշեց չխոսել երեկոյան ծրագրի մանրամասների մասին և միայն խոստացավ, որ շատ ուրախ մթնոլորտ է լինելու։ 

Եվ իսկապես, բլյուզմենի կանխատեսումը իրականացավ համերգի գրեթե ամենասկզբից։ Արդեն երկրորդ կոմպոզիցիայի ժամանակ դահլիճում բլյուզային տրամադրություն էր տիրում, որի ներքո ինքնամոռաց պարելու ցանկություն էր առաջանում։ 

Հավաքվածների բարձր տրամադրությունն ավելի էին բորբոքում Եվրոպայից ժամանած համարձակ հյուրերը, ովքեր պարահրապարակ դուրս եկան մի քանի զույգով և ինքնամոռաց պարեցին` ցուցադրելով պրոֆեսիոնալ մակարդակի  հասնող պարային շարժումները։ 

Յուրաքանչյուր կոմպոզիցիայի հետ մթնոլորտն ավելի էր թեժանում, իսկ մարդիկ պարում էին և երգում Լիի և բենդի հետ։ Սակայն երեկոյի բարձրակետը ոչ պակաս հայտնի մեկ այլ բլյուզմեն Տորոնզո Կենոնայի հայտնվելն էր բեմում, ով նախորդ օրը նույնպես համերգ էր տվել Երևանում։ 

Ամբողջ երեկո դահլիճում թևածում էր ուրախ ու դրական լիցքերով հագեցած անմահական բլյուզը։

Համերգի լուսանկարները՝ այստեղ: -0-