Երաժշտություն

Հունվարի 30–ին Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին նվիրված համերգ։ Համերգին կմասնակցի երիտասարդ ռուս կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսեյ Կուրբատովը։ Նրա կատարմամբ Երևանում առաջին անգամ կհնչի Դավիթ Մնացականյանի թեմաներով դաշնամուրի և նվագախմբի համար №2 օպ.27 կոնցերտը (հայկական պրեմիերա)։Համերգի և շատ այլ հարցերի մասին երաժիշտը պատմեց «ԱՌԿԱ Style»–ին պատմեց ինքը երաժիշտը։ 

Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգ

Ցեղասպանության թեման մոտ է ցանկացած ոչ անտարբեր մարդու մեր ժամանակներում։ Թեև հայկական արյուն երակներումս չի հոսում, բայց հոսում է հրեական, և ինձ, որպես հրեա ժողովրդի ներկայացուցիչ, շատ մոտ  և դառն է այդ թեման, և, իհարկե, ես մեծ ոգևորությամբ եմ համաձայնել Երևան ժամանել։ Ունկնդրին մի կարևոր բան եմ ուզում ասել` կյանքը շարունակվում է… 

Դավիթ Մնացականյանի թեմաներով դաշնամուրի և նվագախմբի համար №2 օպ.27 կոնցերտի երևանյան պրեմիերա 

Դավիթ Մնացականյանը Հնդկաստանում, Շվեդիայում, Գերմանիայում որպես Ռուսաստանի Դաշնության արտակարգ դեսպանորդ աշխատած դիվանագետ է։ Իսկ մեծացել է Երևանում, ստացել երաժշտական կրթություն, աշխատել նվագախմբում։ Նրա ուղին դիվանագիտական էր, և նա սկսել է երաժշտություն գրել արդեն դիվանագիտական կարիերայի մայրամուտին։ Ինձ նրա հետ ծանոթացրեց մեր ընթհանուր ընկերը, հիանալի դաշնակահար Ալեքսանդր Գինդինը։ Նա առաջարկեց ինձ Դավիթի թեմաներով ինչ–որ բան գրել նվագախմբի համար։ Այնքան տարվեցի այդ գաղափարով, որ ըստ էության, իմ համերգը ստացվեց նրա թեմաներով։ Այդպիսով, երկու հեղինակների ստեղծագործություն ստացվեց։

Հայ ունկնդիրը հյուրընկալ է և սրտաբաց

Ես արդեն մեկ անգամ եղել եմ Երևանում մի քանի տարի առաջ։ Հայ ունկնդիրը, ինչպես և հայ ժողովուրդը, նույնքան հյուրընկալ է, սրտաբաց։ Դա ինձ համար, որպես կատարողի, լրացուցիչ պատասխանատվություն է, քանի որ երբ քեզ լավ են ընդունում, դու ցանկանում ես քեզ ամենալավ կողմից դրսևորել։ Շատ ոգևորված եմ այս համերգի առիթով։ Հուսով եմ` ամեն ինչ լավ կանցնի։

Վարպետության դաս հայկական երաժշտական դպրոցի աշակերտների համար

Շատ եմ սիրում այդ գործը, և գրեթե յուրաքանչյուր խոշոր քաղաքում, ուր գալիս եմ, վարպետության դասեր եմ տալիս։ Դա կարծես պատմականորեն է դասավորվել, և հատուկ դրա համար ոչինչ չեմ անում։ Սիրում եմ զբաղվել երեխաների հետ։ Ինքս փոքր որդի ունեմ, յոթ տարեկան է, նա արդեն նվագում է վեցերորդ դասարանի ծրագիր։ 

Ցանկանում եմ, որ իմ այցից երեխաներն ու մանկավարժներն ինչ–որ բան ստանան, նաև ձգտում եմ դրական էմոցիաներ ստանալ, երբ տեսնում եմ լավ նվագող երեխաների։ Դա ինձ համար միշտ տոն է։

Վարպետության դասերի անցկացման ժամանակ գլխավորն իմ աշխատանքի արդյունքը տեսնելն է, գտնել բառեր, որոնք հասնում են մանկական սրտին։ Դա ինձ համար ամենամեծ գովասանքն է։ -0-